Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի ընտրանուց
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը տանը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Արդեն 10-րդ րոպեին Պորտուգալիայի կազմում խաղի հաշիվը բացեց Ժոաու Ֆելիքսը։ 11 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։
32-րդ րոպեին էլ խաղի հաշիվը խոշոր դարձրեց Ժոաու Կանսելուն՝ 0-3։ Հայաստանի հավաքականը առաջին կեսում այդպես էլ դարպասին հարված չկատարեց, թիմերն ընդմիջման գնացին 0-3 հաշվով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից վայրկյաններ անց իր անվան դիմաց դուբլ գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ հաշիվը դարձնելով 0-4:
Րոպեներ անց պորտուգալացիները ևս մեկ վտանգավոր պահ ունեցան, սակայն այս անգամ մեր տղաներին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը։
5-րդ գոլից, սակայն, մեր հավաքականը խուսափել չկարողացավ․ 61-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ նաև Ժոաու Ֆելիքսը։
Երկրորդ կեսում մեր ընտրանին պահեր ունեցավ, սակայն վստահ էր գործում պորտուգալացիների դարպասապահ Դիեգու Կոշտան։ Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։
Սա հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն էր։
Վաստակած 3 միավորով այս պահին Պորտուգալիայի հավաքականը F խմբում առաջին հորիզոնականում է։
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմեկնարկի մեր խմբի Իռլանդիա-Հունգարիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ կրկին տանն ընդունելով Իռլանդիայի ընտրանուն:
Լուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի / ©Հետք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել