HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումները

Սեպտեմբերի 8-ին մեկնարկած ԱԺ նիստում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումները։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

««ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 674 հազար երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով վերջին տարիներին մեր երկիրը զգալի առաջընթաց է ունեցել երեխաների պաշտպանության գործում:

Ըստ զեկուցողի՝ վերահաստատվել ու ամրապնդվել է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատուգ այն կիրականացվի՝ լիազորությունը համայնքներին պատվիրակման եւ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով:

Փոխնախարարը հիշեցրել է, որ մինչ այժմ համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը փաստացի կրում են Խնամակալության եւ Հոգաբարձության հանձնաժողովները, որոնց կամավոր գործունեության անարդյունավետության մասին բազմաթիվ են տեղական եւ միջազգային զեկույցները:

Նախաձեռնությամբ ուժեղացվել են համայնքներում երեխաների պաշտպանության իրականացման հիմքերը՝ վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ համակարգի ներդրման միջոցով, սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մշտադիտարկումը եւ կանխարգելումը:

Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում երեխաների պաշտպանության հետ կապված լիազորություններն ու դրանց մասնագիտական բնույթը:

Սահմանվել է «բուլինգ» հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող ու կանխարգելիչ միջոցառումներ երեխայի նկատմամբ բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխայի պաշտպանության համար:

Կատարվել են նաեւ մի շարք այլ փոփոխություններ, այդ թվում՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային շեմում:

Նշվել է, որ փոփոխություններն իրականացնելու համար ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ:

Տաթեւիկ Ստեփանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են փաթեթով նախատեսված փոփոխություններին, երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը բարձրաձայնել է փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվերակել»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter