HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

235 անձից վերցվել է պարգև տրված զենքը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը 235 անձից վերցրել է պարգևատրած զենքերը՝ հետագա ընթացքը որոշելու համար։ Նրանք ժամանակին չեն ներկայացրել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան հավաստագիր։ 

2022թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենք ընդունեց: Անցումային դրույթներում նախատեսված է, որ նախկինում զենքով պարգևատրվածները պարտավոր են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ներկայացնել վերը նշված բժշկական փաստաթղթերն ու անվտանգության կանոնների իմացության հավաստագիրը, հակառակ դեպքում՝  ոստիկանությունը պարգևատրած զենքերը կվերցնի, կդարձնի գործածության համար ոչ պիտանի և կվերադարձնի սեփականատերերին:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանից ևս վերցրել են պարգևատրություն ստացած «Մակարով» տեսակի ատրճանակը: Հ. Քոչարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ զենքը երբեք չի գործածել, սակայն իր համար կարևոր նշանակություն ուներ: Նշեց, որ երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և պարգև ստացած զենքը համակարգից մնացած հուշ էր:

«Ես փորձեցի բարեխղճություն դրսևորել և օրենքով նախատեսված պարտավորությունը կատարել: Ասեմ, որ օրենքի նման կարգավորումներն, իմ կարծիքով, հակասահմանադրական են, սակայն ուզում էի հիշողություն դարձած զենքը պահել: Պարզվեց, որ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն անցնելը լուրջ պրոբլեմ է:  Armed-ում պետք է հրաման կախվի, հետո գնաս մեզի անալիզ հանձնես, փորձաքննություն արվի: Այսինքն՝ չեն բավարարվում, որ դու նարկոլոգիական հաշվառում չունես, այլ լրացուցիչ գործողություններ պետք է անես, որի ընթացակարգը բացարձակ անորոշ է: Միակ բանը, որ հստակ էր, զենքի օգտագործման քննություն հանձնելն էր, որը հանձնել եմ»,-ասում է Հովհաննես Քոչարյանը:

«Հետքը» կապ հաստատեց մի շարք այլ անձանց, նախկին պաշտոնյաների հետ, որոնք պարգեւ ստացած զենք ունեն, սակայն նրանք հրաժարվեցին խոսել։

Հ. Քոչարյանի փոխանցմամբ, եթե հիմքեր չկան հակառակը կարծելու, իրավապահ համակարգի ներկայացուցիչների դեպքում պետք է գործեր թմրամոլ չլինելու կանխավարկածը:

Նրա կարծիքով՝ քանի որ բժշկական մասը հստակ կարգավորված չէ, մարդիկ կամ չեն հասցնում փաստաթղթերը հավաքել կամ դրա մասին ուշ են իմանում: Դա է պատճառը, որ այդքան շատ մարդուց պարգևատրություն ստացած զենք են վերցրել: Իսկ օրենքը, ըստ Հ. Քոչարյանի, հարգելի պատճառներով ժամկետը բաց թողնելու հնարավորություն չի նախատեսում, ինչն «աբսուրդ» է:

«Եթե մարդու սեփականությունը վերցնում ես, գոնե պետք է ծանուցման, իրազեկման կարգեր, ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառների ցանկ լինի: Պետք է նաև ծանուցման համակարգ գործեր: Մինչև զենքը հետ վերցնելը նախազգուշական նամակ պետք է ստանար անձը, որ եթե որոշ քայլեր չձեռնարկի, հետևանք կառաջանա: Միանգամից շատ կոշտ հետևանք են կիրառում: Մինչդեռ արդեն թոշակի անցած անձինք կարող է նույնիսկ չիմանան, որ նման կարգավորում կա, ժամկետներ են սահմանված»,-հավելում է ոստիկանության պետի նախկին տեղակալը:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կարգավորումները Հ. Քոչարյանը հակասահմանադրական է համարում, քանի որ քաղաքացիական օրենսդրությամբ հստակ նախատեսված է, թե որ դեպքում է սեփականության իրավունքը դադարում: Այն եղանակը, որ այսօր օրենքով սահմանվել է և դրա հիման վրա էլ ոստիկանությունը վերցնում է զենքը, սեփականության իրավունքի դադարման որևէ կանոնի չի համապատասխանում:  Հ. Քոչարյանն ասում է, որ  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով ավտոնոմ կարգավորում են սահմանել՝ հիմք ստեղծելով վերցնելու պարգևատրած զենքը:

Հ. Քոչարյանը նաև նշում է, որ եթե պետությունը զենքը վերցնում է, պետք է համարժեք փոխհատուցում տա սեփականատիրոջը: Բայց ոչ միայն փոխհատուցում չի տրամադրվում, այլև զենքի փողի մասից անցք են բացում, դարձնում գործածելու համար ոչ պիտանի ու վերադարձնում սեփականատիրոջը: 

«Արժեքը զրոյացնում են, դարձնում են խաղալիք ու հետ են տալիս: Սա սեփականության հիմքերի, իրավունքի դադարեցման հետ որևէ աղերս չունեցող մեխանիզմ է»,-ասում է Հովհաննես Քոչարյանը:

Նրա ընկալմամբ՝ կարգավորման նպատակը եղել է զենքերը հավաքելը: Քոչարյանն ասում է, որ գիտակցաբար որոշել է չվիճարկել օրենքի կարգավորումները և «հաշտ ապրել» կամայականությունների հետ: Նրա խոսքով՝ եթե օրենսդիրը որոշել է համակարգի հետ իրենց կապը կտրել՝ նույնիսկ հիշողությունների մասով, դա ընդունել է ի գիտություն:

Նիկոլ Փաշինյանը 11 անձի պարգևատրել է զենքով

Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ 2018-2022թթ. ՆԳՆ համապատասխան պաշտոնյաները զենքով պարգևատրել են 93 անձի: Սակայն, 2022թ. հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունքը վերապահվել է միայն վարչապետին։

 zenq-01.jpg (138 KB)

Վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին` հիմք ընդունելով Հանրապետության անկախության կայացման ու ամրացման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, պաշտպանության, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում ակնառու ծառայությունների, զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու և Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

zenq-02.jpg (132 KB)

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ 2018-2025թթ. օգոստոսի 11-ի դրությամբ՝ վարչապետի կողմից զենքով պարգևատրվել է 20 անձ: Ընդ որում՝ 2024թ.-ին զենքով պարգևատրումներ չեն եղել: Ամենից շատ պարգևատրումներ եղել են 2018-ին՝ 9 անձ, որոնք պարգևատրվել են մինչև 2018թ. մայիսի 8-ը, այսինքն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը:

Հարկ է նշել, որ վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու մասին միջնորդագիր ներկայացնում են պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարները: Սակայն, վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրելու նաև սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդագրի: Զենքով կարող են պարգևատրվել 21 տարին լրացած անձինք:

Թե ՆԳՆ-ից, թե վարչապետի աշխատակազմից հետաքրքրվել էինք, թե 2018-2025թթ. համապատասխան պաշտոնյաների կողմից որպես պարգեւ տրված զենքով քանի՞ հանցավոր արարք է գրանցվել: Վարչապետի աշխատակազմից առաջարկել են դիմել իրավապահ մարմիններին, իսկ ՆԳՆ-ից հայտնել են, որ նման հաշվառում չի իրականացվում։

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter