ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվող ըներությունները տուգանվել են 288 մլն դրամով
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՇՊՀ) սեպտեմբերի 2-ին 288 մլն 828 հազար դրամով տուգանել է հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկմամբ զբաղվող ընկերություններին։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվող 7 ընկերությունները՝ «Տոչ-մաստեր» ՍՊԸ-ն, «Իննթեք» ՍՊԸ-ն, «Քյու տերմինալ» ՍՊԸ-ն, «ՀԴՄ շտրիխ» ՍՊԸ-ն, «Տերմինալ սերվ» ՍՊԸ-ն, «Մերի-Քրիստ» ՍՊԸ-ն և «Սմարթ սոլուշնս» ՍՊԸ-ն չհիմնավորված և խտրական գներ են սահմանել (1 800 դրամից 3 600 դրամ), ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։
ՀԴՄ տերմինալների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները գների բարձրացման պատճառների մասին պարզաբանումներ են ներկայացրել ՄՍՇՊՀ-ին։
«Տոչ-մաստեր» ՍՊԸ-ն, օրինակ, սպասարկման գնի բարձրացումը պայմանավորել է անկանխիկ գործարքների ծավալների ավելացմամբ։
««Տոչ-մաստեր» ընկերությունն, ամփոփելով հայտնել է, որ իր կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկման ոլորտում գնային քաղաքականությունը և դրա արդյունքում գների բարձրացումը պայմանավորված է եղել ոլորտում շուկայական և տեխնոլոգիական առաջխաղացման և սպառողներին անհամեմատ ավելի որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությամբ»,- նշված է հանձնաժողովին ներկայացված ընկերության պարզաբանման մեջ։
Բառացի նույն պարզաբանումն է ներկայացրել նաև «Իննթեք» ՍՊԸ-ն։ Իսկ «Սմարթ սոլուշնս» ՍՊԸ-ն նշել է, որ սպասարկման գնի բարձրացումը պայմանավորված է համատարած գնաճով և ծառայությունների որակի լավացմամբ։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նաև ուսումնասիրել է ՀԴՄ տերմինալների սպասարկմամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերի տվյալները և եզրակացրել, որ բոլոր յոթ ընկերությունները փոխկապակցված են։
Հանձնաժողովը բոլոր ընկերություններին հանձնարարել է անհապաղ դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների կիրառումը և 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտներից գանձված հավելյալ հասույթը վերադարձնել նրանց։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Հետք»-ն անդրադարձել էր ՀԴՄ տերմինալների սպասարկման ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ ընկերություների փոխկապակցվածությանը և սպասարկման գների շեշտակի աճին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել