
Կկարողանա՞ն վերադարձնել ԱՆԻՖ-ից ստացած գումարները. Կառավարության որոշումը
2025 թվականի օգոստոսի 28-ին Կառավարությունը ընդունել է որոշում 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 771-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այդ որոշմամբ գործադիրը թույլատրել է «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» ֆոնդի կառավարչին օտարել պետական բաժնեմասնակցությամբ ընկերություններում ունեցած մասնաբաժինները։
2019-ի դեկտեմբերին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն՝ ԱՆԻՖ-ը, հիմնադրեց դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Որն էլ իր հերթին ՀՀ կենտրոնական բանկում գրանցեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:
Այս ֆոնդի ստեղծման նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հաղթահարելն էր։
2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» ֆոնդը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ էր։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։
Կառավարության որոշմամբ օտարման գինը սահմանվել է մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցնելով վճարված շահութաբաժինները։
Օրինակ՝ «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ն ստացել է 1 մլրդ 676 մլն դրամի ներդրում։ Ներդրման պահից անցել է 936 օր, մոտ 2,5 տարի։ Հիմա ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի 2 մլրդ 118 մլն դրամ՝ 441 մլն դրամով ավելի։
Ֆոնդից ներդրում ստացած ընկերություններից երկուսի դեպքում արդեն իսկ իրականացվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառք։ «Սիդ Թու Ֆարմ» ՓԲԸ-ի` Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը վաճառվել են մյուս բաժնետիրոջը (ներդրված գումարը՝ 265,9 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումարը՝ 346 միլիոն ՀՀ դրամ), իսկ «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ-ի դեպքում՝ երրորդ անձի (ներդրված գումարը՝ 63 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումարը՝ 63,9 միլիոն ՀՀ դրամ)։
Մինչև այս տարվա հոկտեմբերի մեկն այս որոշման մասին Ֆոնդի կառավարիչը պետք է տեղեկացնի ներդրում ստացած ընկերություններին։ Իսկ մինչև 2026 թվականի մարտի 31-ը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» ֆոնդին պատկանող բաժնեմասերի օտարման գործընթացը պետք է ավարտված լինի։
Կառավարությունը առաջարկում է նաև բյուջետային վարկ տրամադրել այդ ընկերություններին՝ տասը տարի ժամկետով, եթե վերջիններս ներկայացնեն բանկային երաշխիք՝ բաժնետոմսերի օտարման գումարի և բյուջետային վարկի առաջին տարվա հաշվարկված տոկոսավճարների հանրագումարի չափով։
Որոշման նախագծի վերաբերյալ կարծիքներ են հայտնել Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության նախարարությունները, Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և Պետական վերահսկողական ծառայությունը։
Ֆինանսների նախարարությունը հիմնավոր չի համարել Նախագծով սահմանված տրամաբանությամբ բյուջետային վարկի տրամադրումը մասնավոր բիզնեսին։
«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսների նախարարի N 149-Ա հրամանով սահմանվել է ՀՀ պետական բյուջեից վարկերի տրամադրման դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող վերլուծությունների արդյունքում տրամադրվող եզրակացության բովանդակությունը և կառուցվածքը, որի 1-ին կետով պետք է ներկայացվի բյուջետային վարկի նպատակն ու հիմնավորվածությունը: Նշված կետում պետք է բացահայտվի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման տեսանկյունից բյուջետային վարկի հիմնավորվածությունն ու համապատասխանությունը հանրային քաղաքականության նպատակներին: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիմք ընդունելով ներկայացված հիմնավորումները՝ Նախագծով սահմանված տրամաբանությամբ բյուջետային վարկի տրամադրումը մասնավոր գործընկերներին բավարար չափով հիմնավոր չենք համարում»,- նշված է նախարարության պատասխանում:
Ի պատասխան նախագծի վերաբերյալ ՏԿԵՆ-ի ուղարկած հարցմանը, Պետական վերահսկողական ծառայությունից նշել են, որ իրենց կողմից «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են քրեական վարույթներ «Դոմ Արենա», «Սի Էֆ Դաբլյու», «Յունիվերսալ Քլոզրս», «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ, «ԷյԷմՍի» ՓԲԸ, «Ապագա Փրոջեքթս» ՓԲ ընկերություններում կատարված ներդրումների դեպքերի առթիվ:
«Հատկանշական է, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն այս պահի դրությամբ չունի աշխատանքային անձնակազմ և գործունեություն չի իրականացնում, ինչպես նաև իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը փաստացի չունի մասնավոր ներդրողի կողմից ներդրված որևէ առարկայական գույք, այդ պայմաններում հարց է առաջանում թե ո՞րն է նպատակահարմարությունը այդպիսի ընկերության հետ քննարկելու բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի նման պայմաններով օտարման հարցը»,- ասվում է ՊՎԾ-ի պատասխանում:
ՊՎԾ-ն նաև կարծիք է հայտնել, որ մինչև հոկտեմբերի 1-ը ընկերություններին ներկայացվելիք համապատասխան առաջարկներն անհրաժեշտ է քննարկել յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին ու միայն դրանք հավաքագրելուց և ուսումնասիրելուց հետո ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:
Մեկնաբանել