Սամսունգի ինովացիոն կամպուսը դիմավորեց ուսանողների չորրորդ սերնդին
Սամսունգի ինովացիոն կամպուս ՏՏ կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Samsung Electronics»-ի կողմից և գործում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում, սեպտեմբերի 6-ին դիմավորեց իր ուսանողների չորրորդ սերնդին։ Երևանից, Տավուշից, Լոռիից, Շիրակից, Կոտայքից և Արարատից ընտրված 100 երիտասարդ կսովորեն անվճար կրթական ծրագրերում։
Այս տարի ծրագրին դիմել էր 570 հոգի, որոնցից 242-ը անցել է հարցազրույցի փուլ։ Ըստ մրցույթի արդյունքների՝ երկու դասընթացներում ընդունվել է 100 ուսանող։ «Java Mobile Application Development» դասընթացում ուսանողների 71%-ը տղաներ են, 29%-ը՝ աղջիկներ, իսկ Արհեստական բանականություն դասընթացում՝ 59% տղաներ և 41% աղջիկներ։
Արհեստական բանականություն (ԱԲ) դասընթացի մասին
ԱԲ դասընթացը տևում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն նախատեսված է համալսարանական ուսանողների համար։ Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են երեք մոդուլ․
- Մեքենայական ուսուցման հիմունքներ (Fundamentals of Machine Learning)
- Նեյրոնային ցանցեր և համակարգչային տեսողություն (Neural Networks and Computer Vision)
- Նեյրոնային ցանցեր և տեքստի մշակում (Neural Networks and Text Processing)
Յուրաքանչյուր ուսանող կունենա անհատական նախագիծ, որը կներկայացնի դասընթացի ավարտին:
Java Mobile Application Development դասընթացի մասին
Ծրագիրն ունի նախագծային մոտեցում և տևում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն բաղկացած է հինգ մոդուլներից․
- Java ծրագրավորման լեզվի հիմունքներ
- Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
- Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ
- Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
- Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ
Դասընթացի ավարտին ուսանողները կներկայացնեն իրենց անհատական նախագծերը՝ կիրառելով դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները։ Նախագծի ներկայացումն ավարտական քննության դերն ունի, և դրա արդյունքներով ուսանողները ստանում են հավաստագիր։ Նախագծերը գնահատում է քննորդ հանձնաժողովը, որի կազմում են Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության մասնագետներ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։
«Ողջունում ենք Սամսունգի ինովացիոն կամպուսի մոբայլ հավելվածների ծրագրավորման և արհեստական բանականության դասընթացների նոր ուսանողներին։ Մեր ընկերության սոցիալական զարգացման տեսլականն է՝ «Միասին հանուն վաղվա. հնարավորություններ մարդկանց համար», որն արտացոլում է իր հիմնական արժեքները՝ «Մարդիկ առաջին տեղում», «Բարգավաճում բոլորի համար» և «Փոփոխությունների առաջամարտիկ»։ Այս տեսլականն արտահայտում է ընկերության հանձնառությունը՝ փոխադարձ աճի միջոցով զարգացնելու տաղանդներ և խթանելու նորարարությունները, որոնք ի վերջո կնպաստեն ավելի լավ աշխարհի կառուցմանը։ Մեզ համար մեծ պատիվ է շարունակել և ընդլայնել մեր համագործակցությունը UWC Դիլիջանի հետ, և օժանդակել հայ երիտասարդներին զարգացնել արդի ՏՏ հմտություններ և գործնական կարողություններ՝ համայնքի, երկրի և ամբողջ աշխարհի համար ավելի լավ հնարավորություններ ստեղծելու նպատակով»,-նշեց Սերգեյ Պևնև, Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի փոխնախագահ։
«Սամսունգի Ինովացիոն Կամպուսը շարունակում է ուսանողներին փոխանցել անհրաժեշտ թվային և ծրագրավորման հմտություններ։ Մենք ուրախ ենք, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը մշտապես բարձր է։ Այս տարի մեկնարկեց նաև Արհեստական բանականության դասընթացը, որը հատուկ մշակված է համալսարանական ուսանողների համար։ Սամսունգի մասնագետների աջակցությամբ մենք մեր ուսանողներին կուղեկցենք այս նոր ճանապարհին և անհամբերությամբ սպասում ենք նրանց գաղափարների ու նախագծերի իրագործմանը»,-նշեց Սամսունգի Ինովացիոն Կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել