
«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Հրայր սարկավագի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Այսօր դատարանը քննեց Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հանրային մեղադրողը նշեց, որ Հրայր սարկավագը կարող է միջամտել ապացուցման գործընթացին, և միջնորդեց պահպանել վերջինիս նկատմամբ կիրառված վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ ընդհանրապես խափանման միջոց կարող է չկիրառվել։ Պաշտպանը հարցրեց՝ մեղադրողները տեսե՞լ են մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագծի ռիկս, այնուհետև ինքն էլ պատասխանեց. «Չեն տեսել, բայց հղում են տալիս կանխատեսական բնույթի ռիսկերին»։
Դատարանը լսելով կողմերին՝ հայտնեց, որ մեղադրյալի կողմից դրսևորվել է պատշաճ վարքագիծ, նա ճիշտ ժամին ներկայացել է դատական նիստերին, բայց չի բացառվում, որ մեղադրյալն իր վրա դրված պարտականությունները կարող է ոչ պատշաճ կատարել։
Դատարանը որոշեց որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը՝ վերացնելով վարչական հսկողությունը։
Այնուհետև պաշտպաններից մի քանիսը միջնորդություն ներկայացրին դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Ըստ մեղադրյալ Վահագն Չախալյանի պաշտպանների՝ վերջինիս կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը կայացել է առանց պաշտպանների մասնակցության, և պաշտպանները պատշաճ ծանուցված չեն կարող համարվել։
Ըստ պաշտպանների՝ սա քաղաքական գործ է, և վարչապետի հրահանգները անմիջականորեն կատարող հանրային մեղադրողների կողմից ցանկացած առաջարկ, միջնորդություն, ցանկացած գործողություն դատավորի կողմից անվերապահորեն ընդունվում է, ուստի նա պետք է ինքնաբացարկ հայտնի։
Սակայն, դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ինքնաբացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել