HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ի «վրիպակի» հետեւանքով տուժում է սպառողը

էդիկ Խանզադյանն արդեն 3 ամիս է Սևանի իր հողատարածքում տեղադրել է էլեկտրաէներգիա արտադրող արևային վահանակներ, սակայն չի կարողանում դրանք միացնել ընդհանուր ցանցին և էլեկտրաէներգիա ստանալ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հայտնում են, թե պայմանագրում տեխնիկական սխալ է եղել, նախատեսված առավելագույն հզորության չափն իրականում ավելի փոքր է, հետևաբար պետք է հավելյալ գումար վճարել:  

«Հետքի» հետ զրույցում Է. Խանզադյանը նշեց, որ 2021թ. սեպտեմբերի 6-ին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի «Գեղամաս» մասնաճյուղի «Սևանի» էլեկտրացանցերի հետ կնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր: Սպառողի էլեկտրաէներգիայի առավելագույն թույլատրելի հզորությունը նախատեսվել է 20,76կՎտ: Պայմանագրում նշված հզորության չափը նկատի ունենալով՝ Էդիկ Խանզադյանը 4 մլն 600 դրամ վարկային միջոցներով տեղադրել է արևային կայանն ու հայտնվել փաստի առաջ:

Արևային վահանակներն ունեն առավելագույնը 20 կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն, հետևաբար Է. Խանզադյանը մտածել է, որ չպետք է դժվարություն լիներ: 3 ամիս է՝ մարում է վարկը, տոկոսներ վճարում՝ առանց էլեկտրաէներգիա ստանալու։ Արևային վահանակները տեղադրվել են Սևան քաղաքում, որտեղ Էդիկ Խանզադյանն ունի հյուրատուն և հրուշակեղենի արտադրամաս: Ստացված էլեկտրաէներգիան օգտագործվելու էր բիզնեսը զարգացնելու համար:

Էդիկ Խանզադյանը մի քանի անգամ դիմել է ՀԷՑ-ին: 2025թ. օգոստոսի 11-ին ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լ. Օհանեսյանը գրավոր հայտնել է «Գեղամա» մասնաճյուղի տնօրենին (օրինակն ուղարկվել է Է. Խանզադյանին), որ էլեկտրամատակարարման պայմանագրում նշված 20.76կՎտ հզորությունը «վրիպակի հետևանք է»: Միաժամանակ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի տվյալների բազայում գրանցված է 8.8կՎտ, հետևաբար հզորության փոփոխության հարցը կվերանայվի հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Էդիկ Խանզադյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀԷՑ-ը պայմանագրում նշված հզորությունը համարել վրիպակ ու հիմք ընդունել բազայում նշվածը: Ըստ նրա՝ գուցե բազայում է վրիպակ եղել, քանի որ պայմանագիրը երկկողմ ստորագրված փաստաթուղթ է, դրա կնքումից անցել է արդեն 4 տարի և ընկերությունից որևէ մեկն իրեն չի հայտնել վրիպակի մասին: 

Փաստացի, ոչ սպառողի մեղքով առաջացած «վրիպակի» գինն այժմ վճարում է սպառողը՝ վարկային միջոցների ու հզորության փոփոխության հավելյալ վճարների տեսքով:

«Այլընտրանք առաջարկել են՝ յուրաքանչյուր 1 կվտ հզորության համար հավելյալ վճարել, որը մոտ 250 հազ. դրամ է կազմում: Տեխնիկական որևէ բան չի փոխվելու, մալուխներն ու մնացած բոլոր սարքավորումներն ամբողջությամբ համապատասխանում են նորմերին, այսինքն՝ խնդիրը միայն գումարն է, որը պիտի հավելյալ վճարեմ»,-ասում է Է. Խանզադյանը:

Էդիկ Խանզադյանն այժմ չի կարողանում արտադրությամբ զբաղվել, քանի որ վարկի սպասարկման հետ ՀԷՑ-ից թանկ հոսանք գնելը հավելյալ ծախս է, ինչն  ավելացնելու է ապրանքի ինքնարժեքը: Արտադրանքն արդեն մրցունակ չի լինի, ֆինանսապես՝ ոչ ձեռնտու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter