HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կկառուցվի Վախթանգ Դարչինյանի անվան մարզակառույց, Շամուտում՝ Ստեփան Սարգսյանի, Գեղակերտում՝ Յուրի Սարգսյանի

Գործադիրը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում:

«Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝ սպորտի ոլորտում որդեգրած ռազմավարությունից, որով մի կողմից՝ նպատակ ունեն զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, մյուս կողմից՝ այդ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ընթացքում առանձնահատուկ գնահատել և նաև ճանաչելի դարձնել մեր անվանի մարզիկների փորձը, վաստակը և նաև դրանով խրախուսել նորանոր երեխաների՝ զբաղվելու սպորտով։ «Սրանով նախատեսվում է, որ մենք որպես նվիրաբերություն ընդունում ենք գույք, ամրացնում ենք և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում ենք, որպեսզի տեղի ունենա նշված մարզակառույցների կառուցումը և հետագա շահագործումը»,- ասել է նախարարը։

Ամբողջական փաթեթը վերաբերում է երեք մարզակառույցների. առաջինը հանրաճանաչ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտի ուղղվածությամբ մարզակառույցն է, որը պետք է կառուցվի Վանաձորում։ Վանաձորում այս մարզակառույցի կառուցման նպատակով նվիրաբերվում է 3 հողամաս, որոնք սեփականության իրավունքով պատկանել են Վախթանգ Դարչինյանին, մեր հանրահայտ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանին և ըմբշամարտիկ Ստեփան Սարգսյանին։ «Մեր երեք մարզիկների գույքի նվիրաբերման արդունքում մենք հնարավորություն ենք ստանում Վանաձորում կառուցել բռնցքամարտի ժամանակակից և արդիական համալիր։ Միևնույն ժամանակ մենք մեր մյուս երկու մարզիկների անունով մարզակառույցների հետ կապված աշխատանքներն ենք պլանավորում: Մասնավորապես՝ Ստեփան Սարգսյանի անվամբ ըմբշամարտի մարզակառույց կկառուցենք հենց իր ծննդավայր Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում։

Ընդ որում՝ պետք է նշեմ, որ արդեն իսկ նախընթաց աշխատանք է կատարված, մասնավորապես, մարզակառույցի համար հատկացված հողատարածքի նշանակությունը փոխված է, որպեսզի հնարավոր լինի կառուցապատում, ինչպես նաև ավագանու որոշմամբ այդ նվիրաբերության գործընթացն արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարության որոշումով կկարողանանք մեկնարկել բուն գործընթացը։ Այստեղ էլ կունենանք ըմբշամարտի մարզադպրոց: Յուրի Սարգսյանի մասով կունենանք նաև իր ծննդավայր՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի այն մարզադպրոցը, որտեղ հենց ինքը մարզվել է: Սա առանցքային է, որովհետև միասին երկար քննարկել ենք լուծման տարբերակը, և մեր ծանրամարտիկը ցանկություն էր հայտնել, որ հենց այն մարզադպրոցը, որտեղ ինքը մարզվել է, ունենա արդիական պայմաններ: Եվ սա նշանակում է, որ մենք Գեղակերտում կհիմնանորոգենք գոյություն ունեցող մարզադպրոցը։ Ընդ որում՝ քանի որ մարզադպրոցը հանդիսացել է «Սևան» գյուղական մարզական ՀԿ-ի սեփականությունը, ՀԿ-ի նախագահության որոշմամբ դա նվիրաբերվել է ՀՀ-ին, ինչը նշանակում է, որ մենք մարզադպրոցը կհիմնանորոգենք և այնուհետև անհատույց օգտագործման կտրամադրենք Սևան մարզական կազմակերպությանը մարզադպրոցի աշխատանքները կազմակերպելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մյուս երկու կառույցները կհատկացվեն Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ին, որը նախարարության գույքային միասնական կառավարիչն է: Այս որոշումից հետո կկարողանանք նվիրաբերության պայմանագրերը, գույքի հանձնում-ընդունումն իրականացնել, որից հետո կմեկնարկի նախագծումը:

Կարևորելով ընդունված որոշումները՝ վարչապետը նշել է. «Կարևոր է մի քանի հայեցակարգային պատճառով. առաջինը՝ նախ, մենք արձանագրում ենք սրանով, որ ՀՀ Կառավարությունն, ըստ էության, արժևորում է այն սպորտային ժառանգությունը, որ մենք նախկինում տարբեր ժամանակներում ունեցել ենք։ Ինչպես վերջերս առիթ ունենում եմ ասելու, հիմնականում Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ քննարկումների տիրույթում, մենք անընդհատ խոսում ենք արժեքների կիրառական նշանակության մասին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ կիրառական նշանակությունն այն է, որ մարդկանց, նրանց վաստակը, Հայաստանին նրանց մատուցած ծառայությունները կարող են հիշվել հոբելյանից հոբելյան, որը լավ է և կարվի: «Իսկ մյուս դեպքում՝ մենք ունենում ենք Վիկ Դարչինյանի անվան դպրոց, Ստեփան Սարգսյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոց, որն արդեն գործում է, Արթուր Աբրահամի անվան դպրոցը, որը կառուցվում է, Ալբերտ Ազարյանի անվան դպրոցը, որի հիմնարկեքը արեցինք, Հրանտ Շահինյանի անվան դպրոցը, որը շուտով շահագործման կհանձնենք, Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը, որը երկար կառուցվում է: Կիրառական նշանակությունն այն է, որ երեխաներն ամեն օր առնչվում են այդ ժառանգության հետ, և սա երաշխիք է, որ այդ ժառանգությունը ոչ միայն չի մոռացվի, այլև դրա պարունակած էներգիան կծառայի հետագա հաջողությունների և հետագա ժառանգության համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Արձագանքելով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ Արթուր Աբրահամի դպրոցի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ «Ես կարևորում եմ, որ Արթուր Աբրահամն ուղեկցել է նախագծման ամբողջ ընթացքը, և իր աջակցությամբ՝ նախագծի մեջ ներդրվել է միջազգային եվրոպական լավագույն փորձը։ Կառույցը կազմված է լինելու մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից, ունենալու է շուրջ 5400 քմ տարածք, որում ներառված են լինելու և՛ ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի դահլիճներն իրենց բոլոր ենթակառուցվածքներով, մարզիկների համար անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով։ Լինելու է ընդհանուր խաղային մարզաձևերի, ուժային մարզումների դահլիճներ։ Այս ամբողջն արդեն ավարտվել է, հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի բացումը կկայանա սեպտեմբերի 22-ին. կունենանք շինարար ու բուն շինարարական աշխատանքները կմեկնարկենք»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Եղիազար Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի աշխատանքները. հոկտեմբեր ամսին կավարտվեն նախագծման աշխատանքները և սահմանված կարգով ընթացք կտրվի:

Վարչապետը հիշեցրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որտեղ արձանագրված է, որ մինչև 2050 թվականը մենք խնդիր ունենք 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու: «Այս նախագծերի հաջող իրագործումը գործնականում երաշխավորում է, որ դա անպայման տեղի է ունենալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացրել է ամբողջական հետազոտություն՝ մեր հանրության շրջանում առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու վարքականոնի վերաբերյալ. «Ընդ որում՝ սպորտի ռազմավարության համաձայն՝ այդպիսի տվյալների հավաքագրումը մենք պետք է դարձնենք ամենամյա, որպեսզի կարողանանք զուգահեռ հետևել և տեսնել՝ ինչպես է փոխվում հանրային վարքականոնը այդ ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց: Եվ կարծում եմ, որ այս համալիր գործողությունները իսկապես կտան արդյունք, հատկապես որ այս պահին մենք ունենք 214 մեդալ, և սա նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 մեդալով»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter