
Կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին
Սեպտեմբերի 11-ի Կառավարության նիստում հավանություն է տրվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին:
«Հիմնավորման համաձայն՝ ԵՆԱԲ հիմնադրվել է 2015 թ. Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ: ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։
Բանկին բաժանորդագրումը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ, Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար:
ԵՆԱԲ միանալը ՀՀ հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ:
Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել