
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն ներկայացրել է պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդումն ամբողջ տարվա ընթացքում կատարվածն ամփոփելու հնարավորություն է եւ այն չի փոխարինում այդ տարվա ընթացքում արված հրապարակումներին:
«Կառույցը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործունեության միջազգային լավագույն փորձին համահունչ կարեւորում է արդյունավետությանը միտված հաշվեքննությունների իրականացումը եւ 2024 թվականին հաստատել է հաշվեքննության հերթական եռամյա առաջնահերթությունները, որտեղ ներկայացված են 2025-2027 թվականների հաշվեքննությունների հիմնական ուղղությունները»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ դրանք են՝ մարդուն մատչելի, հասանելի, որակյալ եւ դիմակայուն առողջապահություն, մարդուն մատչելի եւ որակյալ ցկյանս կրթություն, մարդուն շրջապատող մաքուր եւ անվտանգ միջավայր, մարդուն մատչելի եւ արդյունավետ արդարադատություն, արտահանմանը միտված գիտահեն եւ մրցակցային տնտեսության զարգացում, պետական ֆինանսների եւ սեփականության կառավարման ինստիտուտների զարգացում եւ ներդաշնակ զարգացող համայնքներ:
Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ 2024 թվականի արդյունքներով իրականացվել է 42 հաշվեքննություն: Պալատի նախագահը նշել է, որ կառույցի` 2025 թվականին ավարտվող ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված եւ 2024 թվականին ավարտման ենթակա միջոցառումները գործնականում ամբողջությամբ կատարվել են: Ներկայում քննարկվում է առաջիկա ռազմավարական ծրագրի նախագիծը:
Զեկուցողն ընդգծել է, որ 2024 թվականին Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեից օգտագործել է շուրջ 1 մլրդ 49 մլն դրամ:
Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում արտաքին պետական հաշվեքննության բնագավառում տեղի ունեցած զարգացումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը փաստել է, որ ամենանշանակալի իրադարձությունը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նոր խմբագրմամբ ընդունումն է:
Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Լուսանկարում՝ Ատոմ Ջանջուղազյանը/parliament.am
Մեկնաբանել