
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:
Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
Լուսանկարը՝ gov.am-ի
Մեկնաբանել