
Քաղաքապետի քարտուղարուհին տոնում է աշխատանքային օրը, իսկ Արմավիրի այգում շինարարությունը շարունակվում է
Արմավիրի քաղաքային այգում երկու շաբաթ առաջ սկսված շինարարությունը նոր ծավալներ է ստացել: Երբ քիչ առաջ քաղաքապետարանից փորձեցի պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ, ստացվեց հետևյալը (զրույցը ներկայացնում եմ առանց խմբագրաման).
-Ալո՞:
-Բարև ձեզ: Այգում շինարարություն է այժմ: Կցանկանայի մանրամասներ ճշտել:
-Ես ինչ գիտեմ: Դու քաղաքապետի քարտուղարուհու հետ ես խոսում:
-Ճիշտն ասած «Սփյուռում» էս համարն էր միայն: Իսկ ումի՞ց կարող եմ պարզաբանում ստանալ:
-Ի՞նչ իմանամ` ումից: Լսի էսօր տոն ա, ստեղ մարդ չկա:
-Բայց օրն աշխատանքային է...
-Ասեցի` էսօր տոն ա, ինչ եք քաղաքական բաները խառնում ստեղ, վայ, թողեք ուրախանանք էս անկեղծ, ուրախ մանկական օրով...
Հեռախոսը շրխկաց: Զրույցն ավարտվեց:
Ստացվում է, որ նույնիսկ «ուրախ, մանկական օրը» չի կանգնեցնում այգում ընթացող շինարարական աշխատանքները, ծառ կտրելն ու փոս փորելը:
Իսկ երեխաների համար ավելի լավ կլինի շինհրապարակից քիչ հեռու գտնվող խաղահրապարակում նշել էս ուրախ օրը: Ի վերջո, այգու էդ հատվածը ավելի ապահով է, ցանկապատված. տապալվող ծառերն իրենց չեն վնասի, խոր փոսի մեջ չեն ընկնի. դե, շինհրապարակում ամեն բան կարող է պատահել:
Հ.Գ. Գրավոր դիմում եմ ներկայացրել քաղաքապտին` այգում ընթացող շինարարության մասին պարզաբանում ստանալու խնդրանքով: Սպասենք պատասխանի:
Հասմիկ Մարտիրոսյան
Լուսանկարը` ecolur.org-ից
Մեկնաբանել