HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագիծը

Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ՆԳ նախարարությունը։

«Նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։

Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter