HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արժե թռչել գոնե մեկ անգամ». մեկնարկում է 6-րդ հայկական ավիափառատոնը

Սեպտեմբերի 20-ին՝ 12:00-ին, մեկնարկելու է Armenia Air Fest VI ավիացիոն փառատոնը: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ փառատոնն անցկացվելու է Եղվարդ քաղաքի հարեւանությամբ՝ անավարտ ջրամբարի տարածքում ստեղծված հարթակում:

2017-2019 թթ. փառատոնը կազմակերպվել է Արցախում՝ Artsakh Airfest անունով: 2020 թ. կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով այն չանցկացվեց, իսկ հետո դադար եղավ մինչեւ 2023 թ.՝ պայմանավորված Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային իրավիճակով:

2023-ին 4-րդ փառատոնը՝ Air Fest IV Stepanavan-ը, կազմակերպվեց Ստեփանավանի չգործող օդանավակայանի տարածքում, իսկ 2024-ին կայացավ Air Fest V Yeghvard-ը:

Փառատոնի հիմնադիրներից մեկն ավիատոր Արմեն Սարգսյանն է, որն Արցախում ավիացիոն այս միջոցառումը կազմակերպում էր իր ընկերների ու ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությամբ: Իսկ ահա 2023-ից ՀՀ-ում անցկացվող Air Fest-երի կազմակերպիչը Սարգսյանի ղեկավարած Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամն է:

Վերջինիս նպատակը, ինչպես կարելի է հասկանալ անունից, ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացումն է Հայաստանում: Հիմնադրամը 2022-ին ստեղծել են «Հայաստանի պարագլայդինգի ֆեդերացիա» (նախագահ՝ Արմեն Սարգսյան), «Օդանավերի սեփականատերերի եւ օդաչուների միություն» (նախագահ՝ Անատոլի Դավթյան) հասարակական կազմակերպությունները եւ ««Սքայմասթեր» ավիաուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն:

Armenia Air Fest VI-ին ընդառաջ «Հետքը» զրուցել է Արմեն Սարգսյանի հետ:

Անդրադառնալով 2024-ի սեպտեմբերին անցկացված Air Fest V Yeghvard-ին՝ մեր զրուցակիցն ասում է, որ այն իր տեսակով եզակի իրադարձություն էր, քանի որ կազմակերպիչներին հաջողվեց մեկ վայրում համախմբել օդաչուների, ավիացիայի սիրահարների ու հազարավոր հյուրերի։

«Ընդհանուր արդյունքը մեր սպասելիքներից բարձր էր․ կարողացանք ապահովել թռիչքների հարուստ ծրագիր, բեմական ելույթներ եւ մի իսկական տոն, որը ոչ միայն ավիացիայի սիրահարների, այլեւ ընտանիքների ու երեխաների համար էր։ Այդ օրը ստացվեց փառատոնային մթնոլորտ, ու մենք զգացինք մեծ վստահություն ու ոգեւորություն շարունակելու մեր գործը»,- նկատում է Սարգսյանը՝ հավելելով, որ ակնկալում էին 4000-5000 հյուր, եւ, իրենց հաշվարկներով, նրանց թիվը գերազանցել է 4000-ը:

«Հատկապես ուրախացրեց, որ շատերը եկել էին ամբողջ ընտանիքներով՝ երեխաներով, ինչը վկայում է, որ փառատոնը արդեն դարձել է լայն հանրության տոն, ոչ միայն մասնագիտական շրջանակի»,- ասում է փառատոնի հիմնադիրներից մեկը։

Անդրադառնալով այս տարվա ակնկալիքներին՝ նշում է, որ սպասում են 5000-ից ավելի հյուրերի. «Հաշվի առնելով անցած տարիների հետաքրքրությունը եւ այն, որ փառատոնն արդեն հայտնի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում՝ վստահ ենք՝ այս թիվը իրատեսական է։ Մարդիկ արդեն սպասում են Air Fest-ին որպես ամենամյա ավիացիոն տոնի»։

Armenia Air Fest VI-ի կարգախոսն է՝ «Արժե թռչել գոնե մեկ անգամ»։ Ըստ կազմակերպչի՝ սա լավագույնս արտահայտում է իրենց գաղափարը. յուրաքանչյուր մարդ պետք է թեկուզ մեկ անգամ փորձի թռիչքի ազատությունն ու թեւերի ուժը։

Անցյալ տարի միջոցառումը Եղվարդում անցկացնելուց հետո խոսակցություն կար, որ 2025-ին այն կարող է կազմակերպվել Օձունում, որտեղ գրունտային աերոդրոմ կա: Ա. Սարգսյանը մանրամասնում է, որ Օձունի տարբերակը նույնպես հետաքրքիր էր, սակայն ընտրությունը նորից կանգ առավ Եղվարդի հարթակի վրա, քանի որ այն ունի փորձված ենթակառուցվածք ու մոտ է Երեւանին։ «Սա ավելի հարմար է թե՛ մասնակիցների, թե՛ հյուրերի համար․ հեշտ է հասնել, եւ մենք կարողանում ենք ապահովել ինչպես անվտանգության, այնպես էլ ծառայությունների ավելի բարձր մակարդակ։ Բացի դրանից՝ այստեղ ձեւավորվել է ավանդույթ, ու մարդիկ արդեն Air Fest-ը կապում են հենց այս տարածքի հետ»,- նշում է մեր զրուցակիցը:

2023-ին փառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, 2024-ին՝ սեպտեմբերի 28-ին: Այս տարի ընտրվել է սեպտեմբերի 20-ը՝ ՀՀ անկախության տոնի նախօրյակը: Ինչու՞: «Սեպտեմբերի վերջը լավագույն ժամանակն է նման միջոցառման համար․ եղանակն այլեւս շոգ չէ, օդը հանդարտ է, քամիներ սովորաբար քիչ են լինում։ Այդ շրջանում մարդիկ արդեն վերադարձել են արձակուրդներից, եւ միջոցառմանը մասնակցելու համար հարմար պայմաններ են ստեղծվում։ Բացի դրանից՝ այդ օրը չի համընկնում այլ մեծ միջոցառումների հետ, ինչը եւս հնարավորություն է տալիս, որ մեր փառատոնը լինի ուշադրության կենտրոնում»,- պարզաբանում է կազմակերպիչը։

6-րդ փառատոնի անցկացման հարցում Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամին պետական մարմիններից աջակցում են Զբոսաշրջության կոմիտեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, մյուսները մասնավոր կազմակերպություններ են։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ կարեւոր է, որ Air Fest-ը դառնա համագործակցության հարթակ․ «Կազմակերպիչներս ապահովում ենք գաղափարը եւ իրականացումը, իսկ գործընկերները կանգնած են մեր կողքին՝ աջակցելով եւ նպաստելով, որ միջոցառումը դառնա ազգային մակարդակի տոն»։

Air Fest V Yeghvard-ին մասնակցում էին Հայաստանում, Վրաստանում ու Ռուսաստանում գրանցված օդանավեր, իսկ այս տարի, ըստ «Հետքի» զրուցակցի, կլինեն ոչ միայն ավանդական գործընկերները Վրաստանից եւ Ռուսաստանից, այլեւ բանակցություններ են ընթանում եվրոպական մի շարք ակումբների հետ, ինչի նպատակն է Air Fest-ը դարձնել միջազգային մասշտաբի հարթակ եւ ամեն տարի ավելացնել մասնակից երկրների քանակը։

Armenia Air Fest VI-ին հյուրերը կարող են տեսնել թեթեւ եւ սպորտային ինքնաթիռներ (Cessna, Tecnam, Maule, Piper եւ այլն), ուղղաթիռներ (Robinson, Airbus), պարապլաններ ու դելտապլաններ, օդապարիկներ։ Սարգսյանի տեղեկացմամբ՝ հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն դիտել թռիչքները, այլեւ մոտիկից ծանոթանալ օդանավերին: Բացի դրանից՝ հնարավորություն կլինի մասնակցելու թռիչքներին։ Նախատեսվում են թռիչքներ ուղղաթիռով, պարապլանով եւ օդապարիկով։ Կազմակերպիչն ասում է, որ տոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես փառատոնի ընթացքում իրենց տաղավարից, այնպես էլ նախապես՝ օնլայն հարթակների միջոցով։

Այս տարի կազմակերպիչները սպասում են ոչ միայն օտարերկրացի օդաչուների, որոնք փառատոնին կմասնակցեն իրենց թեթեւ ինքնաթիռներով, այլեւ հայտնի է, որ մեծ խմբերով հյուրեր են ժամանելու Վրաստանից։ «Ավիացիայի վրացի սիրահարները նախապես կազմակերպել են մեծ ավտոբուսներ Թբիլիսիից, որպեսզի միանգամից տասնյակներով գան եւ վայելեն մեր ավիացիոն տոնը,- ասում է Արմեն Սարգսյանը,- սա մեզ համար շատ ուրախալի է, որովհետեւ Air Fest-ը դառնում է ոչ միայն հայկական, այլեւ տարածաշրջանային ավիացիոն իրադարձություն»։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ փառատոնի մուտքը վճարովի է: Օնլայն հարթակի միջոցով նախապես տոմս ձեռք բերելու դեպքում այն կարժենա 1000 դրամ, իսկ տեղում գնելու դեպքում կլինի 2000 դրամ: Մինչեւ 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Հարցին, թե ինչու են որոշել մուտքը վճարովի դարձնել, Արմեն Սարգսյանը պատասխանում է. «Մուտքը վճարովի է, քանի որ փառատոնի կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում՝ անվտանգության ապահովումից մինչեւ բեմական ու տեխնիկական ենթակառուցվածքներ։ Բացի դրանից՝ այս տարի Զբոսաշրջության կոմիտեն զգալիորեն կրճատել է իր ֆինանսական աջակցությունը միջոցառմանը, ինչի հետեւանքով մեզ վրա է ընկնում ծախսերի ավելի մեծ մասը։ Հավաքված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են փառատոնի կազմակերպմանը՝ թռիչքների ծրագրին, հյուրերի հարմարավետությանը, երաժշտական ու մշակութային բովանդակությանը։ Սա թույլ է տալիս պահպանել միջոցառման որակը եւ այն դարձնել ավելի կայուն ու շարունակական»։

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ սեպտեմբերի 20-ին Armenia Air Fest VI-ի հյուրերին սպասվում է բազմաբովանդակ օր․ ավիացիոն շոու թռիչքներով, օտարերկրյա եւ տեղացի օդաչուների մասնակցություն, թռիչքների փորձառություն հյուրերի համար, խոշոր երաժշտական ծրագիր եւ համերգ «Լավ էլի» բենդի մասնակցությամբ, սննդի ու խմիչքի տաղավարներ, երեխաների եւ ընտանիքների համար խաղեր ու զվարճալի ծրագրեր։

Ո՞րն է փառատոնի կազմակերպիչների ուղերձը մարդկանց: Սրան ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասում է. «Մեր ուղերձը պարզ է․ եկեք միասին նշենք ավիացիայի տոնը։ Մենք հրավիրում ենք բոլորին՝ ընտանիքներով, ընկերներով, երեխաներով, որպեսզի ապրեն թռիչքի հիասքանչ զգացողությունը։ Air Fest-ը ոչ միայն ավիացիայի սիրահարների, այլեւ բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են մեկ օրով կտրվել առօրյայից եւ կիսվել տոնական ու ոգեշնչող մթնոլորտով»։

Air Fest V Yeghvard-ի լուսանկարները տրամադրել է Արմեն Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter