HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղացողի հաշիվը՝ ցմահ թակարդ. օնլայն կազինոների մուտքն ազատ է, ելքը՝ ներսից փակ

Սամվել Շահնազարյան

Հայաստանի բուքմեյքերական ընկերություններում մեկ անգամ հաշիվ բացած խաղացողը գրեթե երբեք չի կարող լիովին ազատվել դրանից՝ ամբողջությամբ ջնջել հաշիվը։ Արգելափակումները ձևական են, իսկ հաշիվների վերաբացումը՝ մի քանի րոպեի հարց։ Սա մարդկանց պահում է մշտական կախվածության մեջ ու խորացնում խաղամոլության ռիսկերը։

Հայաստանում հաշիվները չեն ջնջվում՝ պատճառաբանելով, որ 5 տարի օգտատիրոջ տվյալները պետք է պահպանվեն։ Մինչդեռ տվյալի պահպանումը կապ չունի հաշիվը ջնջելու հետ։

Արմենը (անունը փոխված է) անցել է խաղամոլությունից հրաժարման ու բուժման բարդ շրջան։ Առաջին խաղադրույքն արել է 16 տարեկանում, երբ, օրենքով նախատեսված կարգավորումներով, հասանելիություն պիտի չունենար խաղային հաշվին։ Խաղալու 12 տարիների ընթացքում մեծ վնասներ է կրել։ Միայն մեկ բուքմեյքերական ընկերությունում խաղադրույքները հասցրել է 57 մլն դրամի։ Արդյունքում պարտվել է 12 մլն դրամ։

Բազմիցս փորձել է արգելափակել իր հաշիվները, սակայն խաղային ընկերությունները միշտ թույլ են տվել կրկին վերաբացել դրանք։ Արմենի խոսքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ խնդրել է հաշիվը փակել անվերադարձ ու ոչ մի պարագայում չբացել, եթե նույնիսկ անձամբ նորից դիմի, բուքմեյքերական ընկերությունն  իր դիմումից հետո մի քանի րոպեում վերաբացել է օգտահաշիվը ու Արմենին հնարավորություն տվել նորից խաղալ։

«Շատ եմ փորձել այն տարբերակով գնալ, որ իմ տվյալները լրիվ ջնջվեն բուքմեյքերական ընկերությունների տիրույթից, որովհետև որոշել եմ չխաղալ՝ այդ պահից սկսած, բայց չեմ կարողացել հասնել այդ արդյունքին։ Իրենք անդադար խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Ցանկացած խաղացող մարդու համար կա տարբերություն՝ իր խաղային հաշիվը զուտ արգելափակվա՞ծ է, թե՞ լրիվ ջնջված է բուքմեյքերական տիրույթից, որովհետև մարդը եթե իմանում է՝ իր անձնական տվյալները՝ իր կյանքի սխալ փուլը լրիվ ջնջված է, ինքն արդեն հետ չի նայում։ Բայց եթե գիտի՝ իր էջն ընդամենը արգելափակված է, շատ֊շատ պահերի փորձելու է էլի հետ գնալ, որպեսզի էջը նորից բացվի, ու ինքը շարունակի խաղալ։ Բացի դա, ոչ մեկին հաճելի չէ, որ իր կյանքի ինչ֊որ մի սխալ հատված մնա տարատեսակ մարդկանց աչքի առաջ»,- նշում է Արմենը։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում 28-ամյա տղան ջանում է փոխել կյանքը։ Խաղամոլությունը հաղթահարելու համար դիմել է հոգեբանի օգնությանը։ Նշում է, որ արդյունքի հասել է հիմնականում իր կամային հատկանիշների շնորհիվ։ Այժմ էլ ժամանակն անցկացնում է մարզասրահներում, փորձում է առավելագույն զբաղվածություն ապահովել, որպեսզի չվերադառնա նախկին կյանքին։ Այդ ընթացքում 4 անգամ փորձել է ջնջել կամ անվերադարձ ապաակտիվացնել օգտահաշիվը։ Սակայն վերաբացման վերջին փորձը ցույց է տվել, որ հաշվի վերականգնումը դարձյալ հնարավոր է:

«Բուքմեյքերական ընկերություններն այնպես են անում, որ մարդը (խաղացողը - հեղ․) չկարողանա ազատվել իրենցից, անընդհատ իրենցից լինի կախվածության մեջ, որովհետև, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց բուքմեյքերական ընկերություններն ապրում են հիվանդ մարդկանց, խաղամոլ մարդկանց շնորհիվ»,- ասում է Արմենը։

Արմենին առաջարկել են մոտենալ բուքմեյքերական ընկերության գրասենյակ՝ հաշվի վերաբացման դիմումի համար։ Սակայն վերջինս այս անգամ չի գնացել։ 

Օնլայն խաղային հարթակներում գրանցվող օգտատերերը նախապես տեղյակ չեն լինում, որ հնարավոր է՝ չկարողանան ջնջել, հիմնովին փակել իրենց հաշիվը, կամ որ այդ գործընթացը կպահանջի անհամարժեք ջանքեր։ Մեր ուսումնասիրություններից և տարբեր բուքմեյքերական ընկերությունների տասնյակ հաճախորդների հետ զրույցներից պարզվում է, որ օնլայն խաղային հաշիվների արգելաբացման մեխանիզմները շատ պարզ են։ Հաճախորդի դիմումով հաշվի արգելափակումից հետո վերաբացումը կատարվում է առցանց խորհրդատուի (LiveChat) օգնությամբ, հեռախոսազանգի միջոցով կամ գրասենյակ այցելելով՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններով է կիրառվել արգելափակումը՝ մեկ շաբաթո՞վ, մեկ տարո՞վ, թե՞ անժամկետ։

Օգտահաշիվն անվերադարձ արգելափակելու կամ ջնջելու համար հաճախ պահանջվում է դիմումին կից ներկայացնել դատարանի որոշում՝ անգործունակ ճանաչվելու վերաբերյալ, կամ խաղամոլության մասին տեղեկանք՝ հոգեբույժի կողմից։

«Որոշում ես ժամանակ ապահովելու համար էջ բացես, ընկերներով նստած՝ այդ էջը օգտագործես, մի քիչ խաղաս՝ ժամանակ անցնի, բայց որ իմանում ես` չես կարում սայթը ջնջես, շատ վատ բան է։ Մտածում ես, թե ինչ-որ մի օր կարաս թուլանաս և օգտվես էլի, իսկ դա շատ անընդունելի է։ Ցանկալի կլիներ, որ կարողանայինք էդ սայթը վերացնել»,- ասում է Կարենը (անունը փոխված է): Նա իր օնլայն խաղային հաշիվը գրանցել է 6 տարի առաջ՝ ընդամենը մեկ անգամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով։ Երկրորդ խաղադրույքից հետո դիմել է գրասենյակ՝ մեկընդմիշտ հաշիվը փակելու խնդրանքով, սակայն պատասխանել են, որ ցանկացած պահի կարող է դիմումով վերաբացել այն։ 

Ռիսկերը կառավարելու նպատակով ընկերներով այլընտրանքային լուծում են գտել․ հայտ են ներկայացրել հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի փոփոխության համար, և հաստատումից հետո ջնջել են էլ․ փոստն ու ազատվել հեռախոսահամարից, որպեսզի հիմնովին կորցնեն հասանելիությունը խաղային հարթակին։ Կարենը նշում է, որ խաղային հաշվի ստեղծումն իր սխալ քայլն է, որն ուղղելու հնարավորություն իրեն չի ընձեռվել, այդ պատճառով իրեն խաբված է զգում։

Ստացվում է՝ հաճախորդն ազատ է խաղային հաշիվ բացելու հարցում, բայց նույն ազատությունը չունի, երբ արդեն ցանկանում է այն անվերադարձ փակել։ Սա ոչ միայն խաթարում է օգտատերերի ազատ կամարտահայտման իրավունքը, այլև բարձրացնում է խաղամոլության խորացման ռիսկերը։ Ոչ բոլորը կարող են ուժեղ կամք ունենալ և չտրվել գայթակղությանը՝ հաշիվը վերաբացելու ու խաղադրույքներ կատարելու հարցում:

Օգտահաշվի վերջնական փակումը հնարավոր է, եթե քաղաքացու ընտանիքը մոլախաղերի պատճառով հայտնվել է ծանր սոցիալական վիճակում, և դատարանը սահմանափակել է խաղացողի գործունակությունը։

Գործունակության սահմանափակման վերաբերյալ դատական ակտի հիմքով կամ հոգեբույժի տված՝ շահումով խաղերի նկատմամբ ախտաբանական հակում ունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայությամբ արգելափակվում է օգտատիրոջ մուտքը դեպի խաղային հաշիվ։

Հոգեբան Արման Բեգոյանը փաստում է, որ հաշիվների փակման համար բուքմեյքերների կողմից բժշկական տեղեկանք պահանջելը խոչընդոտ է։ Շատ խաղացողներ խուսափում են խաղամոլության փաստը փաստաթղթերով ամրագրելուց, քանի որ դա համարվում է խարան և կարող է ընկալվել որպես հիվանդության ապացույց կամ թիրախավորել հասարակության կողմից։ Ուստի, խաղացողները հաճախ չեն ընտրում այդ ճանապարհը և, ուժեղ կամք չունենալով, շարունակում են խաղալ։ 

Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է ավելի հեշտացված ընթացակարգ, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն փակել հաշիվները նույնիսկ այն դեպքում, երբ դեռ կախվածություն չունեն, բայց չեն ցանկանում շարունակել խաղը։

«Ցանկացած չափահաս մարդ կարող է իրեն թույլ տալ խաղալ, և ինքը պետք է իրավունք ունենա և հոգեբանորեն հանգիստ իրեն զգա, որ կարող է ցանկացած պահի իր հաշիվը փակել։ Դրա համար, երբ պահանջվում է ինչ֊որ տեղեկանք, խնդիր է։ Մարդը, եթե կախվածություն չունի, ո՞նց է այդ տեղեկանքը բերելու։ Ինքը դիմելու է մասնագետի, ու ի՞նչ է լինելու։ Մասնագետը չի կարող սուտ, սխալ ինֆորմացիա տրամադրել, ու այստեղ արդեն դիլեմա է առաջանում»,- նշում է հոգեբանը։

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունի 4 կազմակերպություն։ Միայն մեկ ընկերություն է օգտատիրոջ դիմումով առանց խոչընդոտների ջնջում խաղային հաշիվները, սակայն զուգահեռ ներկայացնում է վերագրանցման ընթացակարգը, և անձը կարող է նույն տվյալներով նորից գրացվելով՝ խաղադրույքներ կատարել հարթակում։ Իսկ մեկ ընկերություն ոչ թե ջնջում է հաշիվը, այլ՝ անվերադարձ արգելափակում։

Մյուս ընկերություններն ընդհանրապես չեն ջնջում և դժվարությամբ են անվերադարձ արգելափակում օգտահաշիվները՝ պարզապես ապաակտիվացնելով դրանք։ Խաղացողը ցանկացած պահի կարող է դիմումի միջոցով վերաբացել հաշիվը։ Բուքմեյքերական ընկերությունները դա պատճառաբանում են ՀՀ օրենքները պատշաճ կատարելու պարտավորությամբ։

Բանն այն է, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջով անհրաժեշտ է առնվազն 5 տարի պահպանել հաճախորդների վերաբերյալ տեղեկությունները։ Մինչդեռ ոլորտը կարգավորող օրենքները որևէ կերպ չեն արգելում խաղային հաշիվների ջնջումը կամ անվերադարձ արգելափակումը։

Բուքմեյքերական ընկերությունների դիրքորոշումները

Հարցումներ ենք ուղարկել ՀՀ-ում գործելու լիցենզիա ունեցող «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» և «ՍՈՖԹ ՔՈՆՍՏՐԱԿՏ» բուքմեյքերական ընկերություններին՝ պարզելու խաղային հաշիվների հիմնովին ջնջման կամ անվերադարձ արգելափակման հնարավորությունը։

«Կաբարկո» ՍՊԸ | Adjarabet.am

«Աջարաբեթ»-ում խաղային հաշվի փակման և անձնական տվյալների պահպանման գործընթացները տարանջատված են։ 

Ընկերությունը նշում է, որ հաճախորդի դիմումով հաշվի մնացորդի զրոյացումից հետո հաշիվը ջնջվում է, և օգտատերն այլևս չի կարող մուտք գործել նույն մուտքանունով ու գաղտնաբառով։

Միաժամանակ, ընկերությունը հղում է անում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքին՝ ընդգծելով, որ պարտավոր են հաճախորդների տվյալները պահպանել առնվազն 5 տարի, հետո դրանք ենթակա են ապանձնավորման։

Այս մոտեցումը փաստում է, որ տեխնիկապես հնարավոր է օրենքի պահանջով պահպանել հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և միևնույն ժամանակ ապահովել  խաղային հաշվից հրաժարվելու՝ օգտատիրոջ իրավունքը։

Այնուամենայնիվ, խաղային հաշվի ջնջման խնդրով դիմող օգտատիրոջն «Աջարաբեթի» օպերատորը տեղում ներկայացնում է ցանկության դեպքում կրկին խաղային հաշիվ գրանցելու ընթացակարգը։

Ադջարաբեթ լայվ չատ - կտոր.jpg (439 KB)

adjarabet.am - LiveChat 

«Սոֆթ Քոնսթրաքթ» ՓԲԸ | Vbet.am

«SoftConstruct»-ը նշում է, որ օգտատերը կարող է ցանկացած պահի անժամկետ ապաակտիվացնել իր հաշիվը։ Միևնույն ժամանակ ընկերությունը կիրառում է օգտահաշիվների վերաբացման չափազանց հեշտ մեխանիզմներ։

«Հաճախորդի կողմից ազատ կամարահայտությամբ կարող է ցանկացած ժամանակ արգելափակվել/ապաակտիվացվել և ազատ կամարտահայտությամբ արգելաբացվել/ակտիվացվել խաղային հաշիվը»,- նշված է մեզ ուղղված պատասխանում։ Խաղային հաշիվը չի արգելաբացվում միայն դատարանի վճռով, երբ մոլախաղերի պատճառով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը։

SoftConstruct-ը նույնպես շեշտում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջը՝ դրանով բացատրելով, թե խաղային հաշիվները հնարավոր չէ ամբողջությամբ ջնջել։

«Խաղային հաշիվը հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու հիմնական և անբաժանելի մասն է, այն պարունակում է անձի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում նույնականացման և տվյալ հաշվով կատարված գործարքների վերաբերյալ, ուստի տեխնիկական մակարդակում խաղային հաշիվը ջնջելը հակասում է վերոնշյալ օրենքի պահանջներին»,- նշված է պատասխանում։

Հարկ է նշել, որ օրենքի պահանջը պարտավորություն է առաջացնում միայն տվյալների պահպանման տեսանկյունից և տեխնիկապես չի խոչընդոտում օգտահաշվի մուտքի մեկընդմիշտ արգելափակմանը կամ ջնջմանը։ Դրա վկայությունն է նաև այն, որ նմանատիպ ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերություն, պահպանելով անձի տվյալները, ջնջում է օգտահաշիվը՝ խաղալու ցանկություն ունեցողին առաջարկելով բացել նոր հաշիվ:

Վբետ - լայվ չատ - կտոր.jpg (484 KB)

Vbet.am - LiveChat

«Դիջիթեյն» ՍՊԸ | Totogaming.am

Օգտահաշվի  անվերադարձ փակման համար «Totogaming»-ը պահանջում է բժշկական հաստատության տեղեկանք կամ հատուկ իրավիճակների ապացույց։ Միևնույն ժամանակ ընկերությունը հայտնում է, որ որդեգրած պատասխանատու մոտեցման արդյունքում վերջին մեկ ամսում որոշումներ է կայացրել անվերադարձ արգելափակման մասին՝ առանց փաստաթղթի ներկայացման։

«Totogaming»-ում հաշվի արգելափակման համար անհրաժեշտ է դիմել օպերատորին, քանի որ ինքնուրույն փակման հնարավորություն գոյություն չունի։ Սակայն, ինչպես փաստում է օպերատորի հետ առցանց նամակագրությունը, խաղային հաշիվն անժամկետ ապաակտիվացնելուց հետո այն արագ և առանց խոչընդոտների վերաբացվում է մեկ նամակով կամ գրասենյակ այցելելով։

Օպերատորը պնդում է, որ անվերադարձ արգելափակման որևէ տարբերակ չկա՝ չնշելով անգամ դատարանի որոշում կամ բժշկական հաստատության ախտորոշում ներկայացնելու ընթացակարգերը։ Ստացվում է՝ օգտատերը մշտապես պահվում է խաղային դաշտում՝ ցանկացած պահի վերադառնալու հավանականությամբ։

Տոտո - լայվ չատ - կտոր.jpg (794 KB)

Totogaming.am - LiveChat

«Գուդ Սոֆթ» ՍՊԸ | Goodwin.am

GoodWin-ը մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Փոխարենը ընկերության «լայվ չաթի» օպերատորը ներկայացրել է ընդմիշտ արգելափակման ընթացակարգ, ըստ որի՝ խաղային հաշիվը փակելու համար օգտատերը պարտավոր է ուղարկել անձնագրի լուսանկարը և ինքնանկար (սելֆի), որում պիտի երևան օգտատիրոջ դեմքը, անձնագիրը և «Goodwin» բառն ու տվյալ օրվա ամսաթիվը պարունակող գրություն։ Միայն այսպիսի լուսանկար ուղարկելուց հետո հաշիվը կարող է փակվել՝ առանց վերաբացման հնարավորության։

Օպերատորը նշում է, որ «GOODWIN» գրությամբ սելֆիի պահանջը պարտադիր է նույնիսկ այն պարագայում, երբ խաղացողը ներկայացնում է կախվածության վերաբերյալ բժշկի եզրակացություն կամ դատարանի որոշում՝ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին։

Գուդվին լայվ չատ - կտոր 1.jpg (481 KB)

Գուդվին լայվ չատ - կտոր 2.jpg (110 KB)

Goodwin.am - LiveChat

Խաղային հաշիվների վերաբացման չափազանց հեշտ և անվերահսկելի մեխանիզմները լուրջ խնդիր են։ Խաղացողների հետ զրույցները վկայում են, որ արգելաափակման ընթացակարգերը հաճախ ձևական բնույթ ունեն, և հաշիվները վերաբացվում են ընդամենը մի քանի րոպեում։

Միջազգային փորձը

Շվեդիայում  գործում է «Spelpaus» համակարգը, որը պետական վերահսկողությամբ խաղերից ինքնարգելափակման մեխանիզմ է ապահովում։ Խաղային գործունեության կառավարման վարչությունը (Sweden Games Corporation) խաղատների, վիճակախաղերի և այլ խաղային գործունեության ոլորտում պաշտպանում է սպառողների շահերը և նպաստում խաղամոլության պատճառած սոցիալական վնասի ռիսկերի նվազեցմանը։ Պետական կարգավորողի (Spelinspektionen) միջոցով կատարվող ինքնափակումը մեկ գործողությամբ արգելափակում է մուտքը Շվեդիայում լիցենզավորված բոլոր օնլայն օպերատորներին, ինչպես նաև՝ ֆիզիկական միջավայրում գրանցում/նույնականացում պահանջող խաղային ձևերին (token-machines և այլն)։ Ինքնափակումը չի կարելի դադարեցնել մինչև ընտրված ժամկետի ավարտը։

Մեծ Բրիտանիայում գործում է GAMSTOP համակարգը, որը բազմաօպերատորային ինքնարգելափակման մեխանիզմ է։ Gambling Commission-ը՝ շահումով խաղեր առաջարկող ընկերությունների և անհատների գործունեությունը կարգավորող մարմինն իր պաշտոնական էջում նշում է, որ GAMSTOP-ը հնարավորություն է տալիս մեկ դիմումով արգելափակել խաղացողի մուտքը բոլոր լիցենզավորված օնլայն հարթակներում։ 2020 թ․ մարտից UK Gambling Commission-ը բոլոր օնլայն օպերատորներին պարտադրել է միանալ ինքնարգելափակման այս համակարգին առանց դրա հնարավոր չէ լիցենզիա ստանալ Մեծ Բրիտանիայում։

Իսպանիայում գործում է Խաղային հաշիվների մուտքի արգելքի ընդհանուր գրանցամատյան՝ (RGIAJ) ազգային ռեգիստրը, որը կառավարվում է Ֆինանսների նախարարության կողմից։ Իսպանիայի պաշտոնական կայքերում և Պետական վիճակախաղերի և լոտոյի ընկերության  (SELAE) էջում ներկայացված է «Self-exclusion and self-prohibition from gambling» ընթացակարգը։ Ազգային ինքնարգելափակման ռեգիստրում անձը կարող է գրանցվել և՛ իր դիմումով, և՛ դատարանի որոշմամբ։ Դրանից հետո Իսպանիայում գործող բոլոր լիցենզավորված օնլայն օպերատորներն ավտոմատ ծանուցվում են, և հաճախորդի մուտքն արգելվում է երկրի բոլոր խաղային հարթակներում։

Հստակ երևում է, որ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում ու Շվեդիայում գործում է միասնական և պետական վերահսկողության տակ գտնվող համակարգ, որտեղ մեկ դիմումով կարելի է լիովին ազատվել խաղային հաշիվներից։

Հայաստանում նման համակարգ դեռևս չի գործում։ 2024թ․ հունիսի 12-ին ընդունվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը, որը նախատեսում է քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները: Օրինակ՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը կազմակերպվող խաղերին, որոնք   հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաև՝ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են կամ ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ: 

Սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս, սահմանափակումները պրակտիկ կիրառելիություն դեռ չունեն:

Արդեն իսկ պետք է գործեր խաղային ոլորտի կարգավորման օպերատորը, որը պետք է կարգավորեր մասնակցությունը խաղերին, սակայն օպերատոր դեռևս չկա։ 

Նախատեսված կարգավորումներում խաղային հաշվի անվերադարձ փակման կամ ջնջման կարգավորում չի նախատեսվում։ Ըստ նոր օրենքի՝ օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին։ Սակայն մեկ տարի հետո քաղաքացու դիմումով կարող է վերացվել անորոշ ժամկետով խաղերին մասնակցության սահմանափակումը։

Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն՝ խաղամոլությունը համարվում է հոգեբուժական ոլորտի խանգարում, որի բուժումը մեր երկրում վճարովի է՝ Առողջապահության նախարարության (ԱՆ) ենթակայությամբ գործող «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» (ԿԲԱԿ)  ՓԲԸ-ում  և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։ 

«ՀՀ առողջապահության նախարարության կողմից խաղամոլության դեմ պայքարի, խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հսկում ունեցող քաղաքացիների աջակցության եւ կախվածության (խաղամոլության նկատմամբ) բուժման նպատակով իրականացվող ծրագրերին պետական բյուջեի շրջանակներում աջակցություն չի տրամադրվել»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԿԲԱԿ հոգեբույժ Աղասի Դավթյանը նշում է, որ խաղամոլությունը սկսվում է՝ որպես զվարճանք, ժամանակի ընթացքում վերածվում հաճույքի աղբյուրի, հետո հիվանդագին հակումն է ձևավորվում։ Վերջում էլ, եթե չեն դիմում մասնագետի, կախվածությունը ձևավորվում է լիարժեք։

«Հիվանդագին հակման ժամանակ հիվանդն ունենում է որոշակի վերահսկողություն իրավիճակի նկատմամբ, այսինքն` քննադատությունը բավարար չափով է, պահպանված է արժեհամակարգը, և ինքնուրույն կարողանում է որոշ դեպքերում հաղթահարել, չկարողանալու դեպքում էլ դիմում է մասնագետին։ Իսկ կախվածության ժամանակ հաշվի չի առնվում այն վնասը, որ տվյալ իրավիճակում հասցնում է խաղամոլությունն անձին՝ թե՛ իր սոցիալական կյանքում, թե՛ ֆինանսական, թե՛ անձնական, և վերահսկողությունն ամբողջովին կորցրած են լինում իրավիճակի նկատմամբ»,- պարզաբանում է բժիշկը։

Հիվանդության ախտորոշումից հետո բուժառուին իր ցանկությամբ տրամադրվում է խաղերի նկատմամբ ախտաբնական հակում ունենալու վերաբերյալ տեղեկանք, որով նրանք հնարավորություն են ունենում սահմանափակել  իրենց մուտքը խաղային հաշիվներին ու լիարժեք զբաղվել բուժմամբ։

Բուժումն արդյունավետ է բոլոր փուլերում, սակայն կախվածության դեպքում ավելի երկարատև ու բարդ է, հատկապես, եթե բուժառուները համակցված կախումներ են ունենում։

«Գերակշիռ դեպքերում (50%-ից ավելի) մեր պացիենտներն ունենում են խաղային կախվածությանը համակցված թմրանյութի գործածում։ Այսինքն՝ ունենում ենք թմրամիջոցից կախվածություն, որի ֆոնին էլ խղճի զգացումը, կամային ոլորտները թուլանում են, և սկսում են ազարտային խաղեր խաղալ՝ լրացնելով մյուսի թվացյալ հաճելի զգացողությունները։ Նմանատիպ դեպքերն ավելի խորացված ու ավելի բարդ են լինում, քանի որ ոչ քիմիական կախվածությունը համակցված է լինում քիմիականի հետ, և համախմբված միջամտության կարիք է լինում նման պացիենտներին օգնելիս»,- ասում է բժիշկը։ Նրա փոխանցմամբ՝ շատ բուժառուներ նշում են, որ անվերադարձ փակված հաշիվների դեպքում իրենց բուժման արդյունքներն ավելի կայուն կլինեին և նախկին սովորույթներին վերադառնալու հավանականությունը կփոքրանար։

Բուժօգնության դիմածների վիճակագրությունը

2022թ․-ից ԿԲԱԿ-ն տրամադրում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ խաղամոլության խնդրով բուժօգնության դիմողների կտրուկ աճ է նկատվում։ Եթե 2022-ին հոգեբույժի աջակցությանը դիմել է 4 անձ, 2024-ին դիմողների թիվը հասել է 68-ի, իսկ միայն 2025թ․ առաջին կիսամյակում բուժհաստատությունը  խաղամոլության կապակցությամբ ունեցել է 42 բուժառու։

Տեղեկանքի համար դիմողների թիվը նույնպես աճել է․ 2023-ին գրեթե բոլոր դիմածները խաղամոլության վերաբերյալ տեղեկանք են խնդրել՝ 12-ից՝ 11-ը, իսկ 2025-ի առաջին կիսամյակում՝ 42 դիմողից 35-ը։

Հակառակ պատկերն է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2020-ից ի վեր խաղամոլության բուժման համար դիմածների թիվն անփոփոխ է՝ տարեկան 1 մարդ։

Այս տվյալները կարող են վկայել երկու միտման մասին՝ ստեղծված վիճակի խորացում և կանխարգելման ու բուժման վերաբերյալ իրազեկվածության աճ։

Պետությունը համակարգված քաղաքականություն չունի խաղամոլության դեմ պայքարում։ Այս հոգեբուժական խնդրի կանխարգելման ամբողջ պատասխանատվությունն անհատների ուսերին է։

Հայաստանում խաղային գործունեության և օպերատորի գործունեության վերահսկողությունն իրականացում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

Ինչպես երևում է ՊԵԿ-ի՝ մեզ տված պատասխանից, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների և վիճակախաղերի (տոտալիզատոր, բուքմեյքեր) նկատմամբ իրականացված վարչարարության արդյունքներով վերջին 5 տարում (2020-2024) բյուջեի մուտքերը գրեթե քառապատկվել են՝ 35 մլրդ 50 մլն դրամից հասնելով ավելի քան 122 մլրդ դրամի։

Ցուցանիշների վերլուծությունից ակնհայտ է դառնում օնլայն խաղերի շրջանառության աճի զգալի տեմպը, ինչն էլ ապահովում է ֆինանսական լուրջ և կայուն մուտքեր բյուջե։ 2020-2024 թթ. պետբյուջեի ընդհանուր մուտքերն այս ոլորտում ավելացել են ավելի քան 3.2 անգամ՝ 13.9 մլրդ դրամից հասնելով 45.1 մլրդ-ի, իսկ 2025-ի  հունվար-հուլիս ամիսներին արդեն մուտքագրվել է մոտ 30 մլրդ դրամ, ինչը մոտենում է 2023 թ․ ամբողջ տարվա մուտքերին (34.2 մլրդ դրամ)։

Սակայն պետական բյուջեի կախվածության մեծացումը խաղային ոլորտից կարող է առաջացնել նաև սոցիալական և կախվածության ռիսկեր։

2025թ․ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Էկոնոմիկայի նախարարությանն է վերապահվել խաղային ոլորտի քաղաքականությունը մշակելու լիազորությունը և խաղային ոլորտի կարգավորման ապահովումը։ Ըստ նախարարության՝ խաղային ոլորտն ունի ժամանցային նշանակություն, և ոլորտի զարգացումը խթանում է ոչ միայն ներդրումային միջավայրի ակտիվացումը` տվյալ բնակավայրերում, այլ նաեւ ուղեկցող ենթակառուցվածքների (հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ, ժամանցի օբյեկտներ) ընդլայնումը, ինչն իր հերթին բարձրացնում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության գրավչությունը: Վերն ասվածը խաղասրահի միջոցով խաղային գործունեությանն է վերաբերում։

Նախարարության փոխանցմամբ՝ 2025թ. տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքով խաղային գործունեության պետական տուրքերը վերանայվել են՝ պետական տուրքի հաշվարկման համար սահմանելով համապատասխան գործակիցներ։

Բացի այդ, 2024թ․ ընդունված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով արդեն իսկ նախատեսվել են քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաեւ՝ նախատեսվել են մի շարք սահմափակումներ խաղային գործունեության կազմակերպման համար: Ավելին, նշված օրենքով ստեղծվելու է խաղային ոլորտի կարգավորման օպերատոր, որն, ի թիվս այլնի, իրականացնելու է կազմակերպիչների կողմից կատարվող գործարքների և հաշվառման տվյալների մոնիտորինգ, տեղեկատվության գրանցում, պահպանում եւ հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում:

Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում բուքմեյքերական ընկերությունները հիմնականում չեն ապահովում խաղային հաշիվների անվերադարձ փակման պարզ և արդյունավետ մեխանիզմ։ Այս քաղաքականությունը հակասում է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքին։ Հաճախորդն առանց խոչընդոտի բացում է օգտահաշիվ, սակայն բախվում է խնդիրների, երբ ցանկանում է անվերադարձ փակել կամ ջնջել այն։ Այս իրավիճակը ոչ միայն հակասում է ժամանցի տրամաբանությանը, ինչի համար նախատեսված են խաղերը, այլև բարձրացնում է շահումով խաղերից կախվածության խորացման ռիսկերը։ Այս պարագայում էլ պետությունը որևէ ծրագիր չի իրականացնում խաղամոլության կանխարգելման և բուժման ուղղությամբ։ 

Անհրաժեշտ են օրենսդրական հստակեցումներ և պետական վերահսկողություն, որպեսզի խաղացողներն ունենան համաչափ իրավունքներ ինչպես խաղալու, այնպես էլ դրանից մեկընդմիշտ հրաժարվելու։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ լուծում է պետական վերահսկողության ներքո գործող միասնական ինքնարգելափակման ռեգիստրի ներդրումը։

Մենթոր՝ Գրիշա Բալասանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter