Արսեն Հարությունյանը` ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճի 57կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Մեդալի համար պայքարում մեր ըմբիշը 7-4 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յունգին:
Առաջնությունում պայքարը Հարությունյանը սկսեց վստահ հաղթանակով՝ 1/16 եզրափակչում 10-0 հաշվով հաղթելով ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին:
1/8 եզրափակչում հայ ըմբիշին հաղթանակը նույն հեշտությամբ չտրվեց, սակայն գոտեմարտում Արսենը 13-8 հաշվով կարողացավ հաղթահարել նաև մոնղոլ ըմբիշ Մունխա Բատխույագայի արգելքը։
Քառորդ եզրափակչում էլ մեր մարզիկը 14-3 հաշվով վաղաժամ հաղթանակ տարավ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սփենսեր Լիի դեմ գոտեմարտում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում, սակայն, Արսեն Հարությունյանը չկարողացավ հաղթել կորեացի Չոնգսոնգ Հանին, որն էլ աշխարհի չեմպիոն հռչակվեց։
Սա Հարությունյանի 4-րդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում: Այս արդյունքը հայ ըմբիշը գրանցել էր նաև 2023, 2022 և 2021 թվականներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել