Դիմակավորված անձը ծեծել է Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղարին
Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու գործով, դեպքի օրը՝ 2025թ. սեպտեմբերի 12-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել առողջությանը թեթև վնաս պատճառելու հետևանքներ:
2025թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Հակոբ Կարապետյանը Երևանի Փարպեցի փողոցում գտնվող աշխատավայրից դուրս է եկել, և շենքի բակային հատվածում նրա դիմաց դուրս է եկել դիմակավորված մեկ անձ ու առանց բառ ասելու սկսել է հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին։
Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձել է պաշտպանվել, սակայն նպատակ է ունեցել նաև հանել իրեն ծեծողի դիմակը, որպեսզի հասկանա, թե ով է, սակայն, չի հաջողվել: Անսպասելի հարձակման հետևանքով Հակոբը հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին, հիմնականում վնասվածքներ են եղել դեմքի, գլխի տարբեր հատվածներում: Վայր ընկնելու հետևանքով գլխից արյուն է հոսել:
Նույն օրը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, և նախաձեռնվել է քրեական վարույթ: Սեպտեմբերի 14-ին այցելել է նաև դատաբժշկի մոտ, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:
Հակոբն ասում է, որ դեպքից քիչ հեռու այլ կանչով ժամանած շտապօգնության ավտոմեքենա է կանգնած եղել: Վարորդն ասել է, որ շտապօգնության ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկով նկարահանվել է, թե ինչպես է դիմակավորված անձը նստել ավտոմեքենան ու հեռացել:
««Շտապօգնությունը» Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է գործում, եթե քաղաքապետարանը շահագրգռված է կատարվածի բացահայտմամբ, կարող է այս տեսախցիկի նկարահանումներն էլ տեսնել»,- ասում է Հակոբ Կարապետյանը։
Նա պատմեց, որ իր վրա հարձակվելու դեպքին նախորդել են իրադարձություններ, որոնք ողջամիտ կասկածով միմյանց հետ է կապում: Մասնավորապես՝ 2025թ. օգոստոսի 27-ին Հ. Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հսկիչները մտնում են ավտոբուս, ստուգում են ուղևորների մոտ տոմսի առկայությունը ու տուգանում են մի կնոջ, որը դրանից մի քանի րոպե առաջ վճարել էր տերմինալով։
«Դա էլ քիչ է, առանց քաղաքացու համաձայնությունը ստանալու, նկարահանում են։ Պատկերացրեք, թե ինչ սթրեսի են ենթարկում մարդկանց ու ինչ վիրավորանք են հասցնում։ Լավ է, որ էս դեպքում քաղաքացին հետևողական է եղել, բանկից ստացել է իր վճարման ապացույցներն ու կապվել է լրագրողների հետ։ Նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»,- գրել էր Հակոբ Կարապետյանը:
Այդ գրառումից հետո՝ նույն օրը երեկոյան ուշ ժամի, Հակոբին գրել է «Ավետիք Բաբայան» անուն-ազգանունով օգտատեր և, ըստ Հակոբ Կարապետյանի, անհարգալից բառապաշարով «հաշիվ է պահանջել» գրածի համար։
Հակոբը փորձել է բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել: Դրան հաջորդել են արդեն ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով հայհոյանքներն ու սպառնալիքները՝ հիշատակելով Հակոբի ընտանիքի անդամներին, ընկերներին, մասնագիտությունը, ներկա ու նախկին գործընկերներին, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դրանից հետո արգելափակել է Հակոբ Կարապետյանին, որպեսզի նա չկարողանա պատասխանել:
Հակոբ Կարապետյանը պարզել է, որ իրեն վիրավորական ու սպառնալիք պարունակող հաղորդագրություններն ուղարկել է Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հակոբը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը, և պատմել է կատարվածի մասին: Սակայն, 2 օր անց քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով՝ Հակոբը զանգահարել է Ավետիք Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարին և գործավարին փոխանցել է իր հեռախոսահամարն ու խնդրել է զանգել։
«Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ՝ «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված»,- ասում է Հակոբ Կարապետյանը:
Դեպքից մոտ 2 շաբաթ անց արդեն գրանցվում է Հակոբին ծեծելու դեպքը: Հ. Կարապետյանն ասում է, որ պահելով մարդկանց անմեղության կանխավարկածը, այս երկու միջադեպերն, իր կարծիքով, կապ ունեն միմյանց հետ: Նշում է, որ անձնական թշնամիներ, վատ հարաբերություններ այլ անձանց հետ չունի, պարտք ու պահանջ ևս չունի, հետևաբար, այլ տարբերակ մտքով չի անցնում:
Դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ գործընթաց սկսել են Հակոբ Կարապետյանի մատնանշած Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի՝ Ավետիք Բաբայանի վարքագծի հետ կապված: Հայկ Կոստանյանը պատասխանեց, որ «կճշտեն, կհասկանան և այս պահին որևէ այլ բան չեն կարող ասել»:
Լուսանկարը՝ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել