HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքեր

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024թ. հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևանում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245 000 դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ հիշյալ գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200 000 դրամ կաշառք տալու շուրջ։

«Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ վերջիններս 2024թ. հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300 000 դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար:

Կաշառք ստանալու համար Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter