HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վիգեն Սարգսյանի քրեական գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքով քրեական գործն ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, 2006թ. զբաղեցնելով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դեվելոփրզ» ՍՊԸ-ների սեփականատեր և տնօրեն Սամվել Մայրապետյանի հետ: Նույն ժամանակահատվածում Սամվել Մայրապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ գույքի իրական արժեքից էապես տարբերվող ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու հարցի շուրջ: Դրանից հետո՝ 2006թ. հոկտեմբերի 26-ին, Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանին պատկանող «Պրոգրես-Արմենիա» ՍՊԸ-ից 23 մլն 600 հազ. դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել 118քմ մակերեսով Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը, իսկ 2008թ.  հոկտեմբերի 24-ին՝ 6 մլն դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին:

Վիգեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, ինչպես նաև իրականացված ծախսերի ու կատարված վճարումների հարաբերակցության արդյունքում 2013թ.  ապրիլի 30-ի դրությամբ նրանց օրինական եկամուտների մնացորդը կազմել է 585 հազ. 921 դրամ:

Ըստ մեղադրանքի՝ նման պայմաններում Վիգեն Սարգսյանը 2013թ.  նպատակադրվել է Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 և 32-րդ բնակարանները, ինչպես նաև նույն շենքի թիվ 13 և 115 ավտոկայանատեղիները քաղաքացիաիրավական գործարքներով ձեռք բերելու եղանակով օրինականացնել իր և կնոջ օրինական եկամուտներով չհիմնավորված, հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 99 մլն 414 հազ. դրամը: 

Մտադրությունն իրականացնելու համար Վիգեն Սարգսյանը, նախնական համաձայնության գալով Սամվել Մայրապետյանի հետ, 2013թ. ապրիլի 30-ին վերջինիս հետ կնքել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը և նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին՝ ընդհանուր 160 մլն դրամով Մայրապետյանին վաճառելու վերաբերյալ ձևական պայմանագրեր՝ այդ կերպ գործարքի կնքման արդյունքում ստացած եկամուտների ձևով օրինական տեսք տալով 99.414.079 դրամին: 

Մեղադրանքի համաձայն՝ այդ գումարն իբրև օրինական եկամուտ օգտագործելով՝ Վիգեն Սարգսյանը նույն օրը 100 մլն դրամ ընդհանուր արժեքով իր և կնոջ անվամբ ձեռք է բերել Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս մերձավոր ազգականների անվամբ հաշվառված՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 և 32-րդ բնակարանները, ինչպես նաև նույն շենքի թիվ 13 և 115 ավտոկայանատեղիները։ 

Այնուհետև՝ 2018թ. մայիսի 17-ին, Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանի հետ կնքել է առուվաճառքի ձևական բնույթ կրող նոր պայմանագրեր, որոնցով իբրև ընդհանուր 56 մլն  դրամ արժեքով հետ է գնել դեռևս 2013թ. ապրիլի 30-ին 160 մլն դրամով վաճառած՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը և նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին:

2024թ. հոկտեմբերի 3-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին։

2024թ. դեկտեմբերի 18-ին քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ս․Անդրեասյանին։ Դատավորը հայտնել է ինքնաբացարկ և 2025թ.  հուլիսի 15-ին, գործը վերամակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։

Դատարանը մոտ 2 ամիս գործը քննելուց հետո որոշել է, որ որ այն պետք է քննվի ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում, այլ Հակակոռուպցիոն դատարանում։ 2025թ. սեպտեմբերի 9-ին գործը փոխանցել է մասնագիտացված դատարանին, և սեպտեմբերի 16-ին մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter