Սամվել Շահրամանյանը հայց է ներկայացրել պատմության դասագրքի համահեղինակի ու ԿԳՄՍՆ-ի դեմ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում ԼՂՀ-ն լուծարելու մասին հրապարակումը հերքելու պահանջով։ Հայցադիմումը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դասագրքի այդ հատվածի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։
Մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված հետևյալ տեղեկությունը․ «․․․ ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

Ս. Շահրամանյանը, որպես հերքման ձև, պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և ոչ իրական։
«Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։ Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն դրան գրավոր տեսք տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Ո՛չ այս հրամանագիրը ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»,- նշված է հայցադիմումում, որպես հերքման տեքստ։
Դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Սամվել Շահրամանյանի իրավունքները դատարանում պաշտպանում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Նժդեհ Հովսեփյանը 2021թ. հունվարի 12-ին նշանակվել էր այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի պաշտոնում՝ աշխատելով մինչև նույն տարվա օգոստոսի սկիզբ։ Այնուհետև նույն տարվա օգոստոսի 31-ին Ն. Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի 2022թ. հունվարի 10-ի որոշմամբ։
2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նժդեհ Հովսեփյանը եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
Լուսանկարը՝ էկրանակադր Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել