
Ջհանգիրյանների ընտանեկան «Թեժ» փհէկը (վիդեո)
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-8
Մեղրաձոր գետի Թեժ վտակի շուրջ 7 կմ-ը այս օրերին գրեթե ցամաքած է: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի վարչական տարածքում' Թեժ վտակի վրա 2007 թվականից գործում է փոքր հէկ: Այն ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ և նրա եղբոր' Վարդան Ջհանգիրյանների ընտանեկան հէկն է:
Փհէկը գործարկող ընկերությունը «Թեժ վաթերֆոլ» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը Վրեժ Ջհանգիրյանն է' Գագիկ Ջհանգիրյանի որդին: Իսկ ՍՊԸ-ի տնօրենը Վարդան Ջհանգիրյանն է: Փոքր հէկի տնօրեն Հովսեփ Հախվերդյանը հավաստիացնում է, որ փհէկը Վարդան Ջհանգիրյանինն է, իսկ Վրեժ Ջհանգիրյանն էլ ասում է, որ այն ավելի շատ «ընտանեկան հէկ է»:
Հովսեփ Հախվերդյանը Վարդան Ջհանգիրյանի վարորդն է եղել այն ժամանակ, երբ վերջինս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրենն էր: Իսկ 2007-ից, երբ կառուցվել է հէկը, դարձել է Ջհանգիրյանների «Թեժ» հէկի տնօրենը:
Փհէկի դրվածքային հզորությունը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայի, 2064 կվտ է, չնայած տնօրենի նշած թիվն այլ էր' 2400 կվտ: Հովսեփ Հախվերդյանի տվյալներով' երկու գեներատոր է աշխատում, յուրաքանչյուրը' 1,2 ՄգՎտ հզորությամբ: Ստացվում է, որ փհէկը լիցենզիայով սահմանված դրվածքային հզորությունից ավելի է արտադրում:
«Թեժ» փհէկը, ըստ տնօրենի, աշխատում է վարարի ժամանակ' 1-2 ամիս: Օգոստոս ամիսը ամենաչոր ամիսն է, երբ գետերում ջրի նվազագույն հոսք է մնում: Այդ ամիսներին հէկերը պետք է դադարեցնեն աշխատանքը, եթե ջուրը չի բավականացնում, որպեսզի գետը չզրկվի ջրից, էկոհամակարգն էլ չչորանա: Սակայն օգոստոսի 13-ին, երբ մենք Մեղրաձորում էինք, «Թեժ» փհէկն աշխատում էր, իսկ խողովակների անցկացման 7 կմ ճանապարհը մնացել էր գրեթե առանց ջրի:
Ինչպես տնօրենն է ասում, այս սեզոնին աշխատում են, որպեսզի մանր-մունր ծախսերը, հարկերն ու աշխատողների աշխատավարձերը կարողանան վճարել: Մոտ 10 աշխատատեղ է ապահովում փհէկը: «Հիմա վարար չի, բայց աշխատում է, աշխատում է 100 կվտ-ով: Այսինքն' մինչև առավոտ աշխատելու է 24 ժամ, տալու ենք 2400 կվտ: էդ էլ մեզ ձեռք չի տալիս, ուղղակի աշխատում է, որ աշխատողին չկորցնենք, մեխանիզմները չկանգնեն»,- հիմնավորում է Հովսեփ Հախվերդյանը:
Մեր հարցին, թե որքան է սահմանված սանիտարական թողքը, որը պետք է մնա գետում, տնօրենը զարմանքով արձագանքեց. «Ի՞նչը: Այսինքն' ի՞նչ սանիտարական թողք,- ասաց նա ու մեր բացատրությունից հետո շարունակեց,- թիվը չենք իմանում, բայց մենք թողնում ենք: Ոչ թե էս հատվածը վերցնում ենք, կողքերը ցամաքեցնում ենք գետը, ասենք' մենք էդ 100 ԿՎտ-ը չենք ուզում, ասենք' ձուկ ա, չէ, գետի մեջ ապրում, վերջ ի վերջո, հանգստի գոտի է, վերևը պոլիտեխնիկի լագերներն են, ամեն դեպքում մենք էտի պահպանում ենք, կարանք գլուխոյ վեկալենք փակենք, լրիվ ջուրը վեկալենք, բայց թողնում ենք»:
Տնօրենին բացատրեցինք, որ չեն կարող «գլուխոյ վեկալեն ու փակեն», քանի որ գետը կցամաքի, իսկ ջրթույլտվությամբ սանիտարական հստակ նորմ կա, որը պարտադիր պետք է մնա գետում:
«Ես բնապահպանական բոլոր նորմերը պահպանում եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վրեժ Ջհանգիրյանը:
Վրեժ Ջհանգիրյանից պարզեցինք, որ ջրթույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքը վայրկյանում 20 լիտր է: Սակայն նույնիսկ անզեն և ոչ մասնագիտական աչքով նայելիս կարելի է հասկանալ, որ 20 լիտր ջուր չի հոսում գետի այն մասում, որտեղով անցկացված են խողովակները:
Տնօրենին ասացինք, որ ուզում ենք այցելել վերևի կայան՝ «պլատինա»՝ ձկնուղին ու շրջակա տարածքը տեսնելու: Տնօրենը հավաստիացրեց, որ ձկնուղի ունեն, իսկ վերև բարձրանալը վտանգավոր է, քանի որ ոչ բոլոր մեքենաներն են կարողանում բարձրանալ, իրենց մեքենան «պլատինայում է», և աշխատողները բարձրացել են «սետկաները» մաքրելու, այլապես մեզ էլ իրենց մեքենայով կբարձրացնեին և ցույց կտային. «Մեքենան առավոտվա յոթից բարձրացել է, իրիկունը 4-ին նոր կիջնի, տրակտորը հետը բարձրացել են մաքրելու»:
Մենք, այնուամենայնիվ, բարձրացանք: Իսկ «պլատինայում» ոչ աշխատողներ կային, ոչ էլ ձկնուղին գտանք: «Պլատինայից» վերև Թեժի բնականոն հոսքը բավականին շատ էր, սակայն պատվարներից ներքև ջուրը հազիվ նշմարելի էր:
![]() |
![]() |
Թեժի բնականոն հոսքը | Գետում մնացած ջուրը |
«Թեժ» հէկի հարևանությամբ «Արջաձոր» ՍՊԸ-ն կառուցել է «Արջաձոր» փհէկը: Տեղացիներն ասացին, որ այս օրերին «Արջաձոր» փհէկը չի գործում, քանի որ Թեժ գետի Արջաձոր վտակից շատ քիչ ջուր է հոսում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել