HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքային ջրի օգտակար և ռիսկային կողմերը

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանքային ջրի օգտակար և ռիսկային կողմերին։

«Հանքային ջուրը՝ որպես բնական աղբյուրից ստացվող, հանքային տարրերով հարուստ ջուր, լայնորեն օգտագործվում է առողջ ապրելակերպի համատեքստում։ Սակայն դրա ամենօրյա կիրառման արդյունավետությունն ու անվտանգությունը կախված են ջրի քիմիական կազմից, օգտագործման քանակից և մարդու առողջական վիճակից։

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` հանքային ջրի ամենօրյա կիրառման հիմնական օգուտները հետևյալն են՝

1. Օրգանիզմի էլեկտրոլիտային հավասարակշռության պահպանում-հանքային ջրերում առկա են նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, որոնք անհրաժեշտ են մկանային գործառույթների, նյարդային գրգռի փոխանցման և ջրի բաշխման համար։

2. Կալցիումի և մագնիումի աղբյուր-որոշ հանքային ջրեր զգալի քանակությամբ պարունակում են կալցիում և մագնեզիում, որոնք կարևոր են ոսկրերի առողջության, սրտի ռիթմի և մկանների աշխատանքի համար։

3. Մարսողության բարելավում-բիկարբոնատ պարունակող հանքային ջրերը կարող են օգնել գերթթվայնության չեզոքացմանը, բարելավել մարսողությունը և մեղմել գաստրիտի որոշ ախտանշաններ։

4. Միզուղիների և լյարդի ֆունկցիայի խթանում-որոշ հանքային ջրեր օգտագործվում են որպես միզամուղ միջոցներ՝ խթանելով թունազերծումը և լյարդի աշխատանքը (օր.՝ սուլֆատներով հարուստ ջրեր)։

5. Ջրային ռեժիմի պահպանում-որոշ մարդիկ նախընտրում են հանքային ջուրը՝ որպես համեղ այլընտրանք սովորական ջրին, ինչը նպաստում է օրվա ընթացքում բավարար հիդրատացմանը։

Այս ամենի հետ միասին, առօրյա սննդակարգում հանքային ջրերի ակտիվ ներառումը ունի որոշակի ռիսկեր և պահանջում է սահմանափակումներ՝ հատկապես ստորև նշված դեպքերում՝

1. Նատրիումի բարձր պարունակություն-որոշ հանքային ջրեր պարունակում են նատրիումի բարձր մակարդակ, ինչը կարող է վտանգավոր լինել զարկերակային գերճնշմամբ կամ երիկամային խնդիրներ ունեցող անձանց համար։

2. Միզաքարերի առաջացման ռիսկ-եթե ջուրը հարուստ է կալցիումով կամ սուլֆատներով, երկարաժամկետ կամ ավելորդ օգտագործումը կարող է նպաստել միզաքարերի ձևավորմանը՝ նախատրամադրող այլ գործոնների համակցությամբ։

3. Փորկապություն կամ փորլուծություն-սուլֆատ պարունակող հանքային ջուրը որոշ դեպքերում կարող է առաջացնել աղիքային խանգարումներ՝ կախված օրգանիզմի պատասխան ռեակցիայից։

4. Դեղորայքի ազդեցության փոփոխություն-որոշ հանքային ջրեր փոխում են ստամոքսի թթվայնությունը, ինչն իր հերթին կարող է ազդել որոշ դեղամիջոցների (օր.՝ երկաթի, կալցիումի հավելումների) ներծծման վրա։

5. Բարձր հանքային բեռ երեխայի կամ հղի կնոջ համար-երեխաների, հղի կանանց և տարեցների համար չափից շատ հանքային տարրեր պարունակող ջրերը կարող են անհարմարություններ առաջացնել։

Այսպիսով, հանքային ջուրը կարող է օգտակար լինել՝ ճիշտ ընտրված և չափավոր օգտագործման դեպքում, սակայն դրա ամենօրյա օգտագործումը պետք է անհատականացված լինի՝ առողջական վիճակից կախված։ Լավագույն մոտեցումը կլինի համադրել սովորական մաքրված խմելու ջուրը՝ ցածր հանքայնությամբ հանքային ջրի հետ։

Խորհուրդներ անվտանգ և առողջ օգտագործման համար՝

• Ընտրել ցածր Na (<300–400 mg/L) պարունակող ջրեր ամենօրյա օգտագործման համար՝ առանց զարկերակային գերճնշման ռիսկի։

• Մարսողության խնդիրներ ունենալիս ժամանակ առ ժամանակ օգտագործել HCO₃-հարուստ ջուր, բայց սահմանափակել օգտագործումը (օրինակ՝ 250 մլ օրական՝ 3–4 օր շարունակ), ավելի տևական կիրառումը՝ միայն բժշկի ցուցումով։

• Ֆիզիկապես ակտիվ մարդիկ կարող են օգտվել հանքային ջրերից՝ իբրև էլեկտրոլիտային կորստի փոխհատուցում, սակայն կարևոր է հաշվի առնել Na-ի պարունակությունը և օգտագործել առողջ ռեժիմի մեջ»,-ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter