
Գյումրին ազատ տնտեսական գոտի դառնալու վերաբերյալ ուղերձ հղեց ՀՀ կառավարությանը
Սեպտեմբերի 16-ին կայացավ Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված 33 հարցից բուռն քննարկում ծավալվեց հատկապես ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձի շուրջ: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց նախագիծը, որին հավանություն էր տվել 7 հազար գյումրեցի՝ ուղերձին կից թողնելով իրենց ստորագրությունը: Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու ծրագրով «Մայր Հայաստան» քաղաքական ուժը հանդես էր եկել դեռևս ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում:
Խոսելով ծրագրի կարևորության մասին` Կարեն Սիմոնյանը նշեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված են եղել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Ծրագիրը մշակել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորած մասնագիտական խումբը, իրենց առաջարկներով հարստացրել են գյումրեցի մասնագետներն ու տեղական բիզնեսի ներկայացուցիչները:
Բանախոսի փոխանցմամբ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվել՝ կենտրոնական իշխանության ոչ հետևողական աշխատանքի և պատկերացումների պատճառով: «Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պետք է պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի և մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա «ազատ քաղաքի» կարգավիճակ,- հայտարարեց Կարեն Սիմոնյանը։-Ես վստահ եմ, որ դրա բոլոր նախադրյալները կան: Գյումրին վերջապես պետք է ձերբազատվի «աղետի գոտու» պիտակից և դառնա զարգացման գոտի, դառնա տնտեսական զարգացման լոկոմոտիվ Շիրակի մարզի, ինչու ոչ՝ ողջ Հայաստանի համար: Շուրջ 500 մլն դոլարի ներդրում Գյումրիում, 15 հազար նոր աշխատատեղ, գիտակրթական առաջընթաց՝ սրանք մասնագիտական հաշվարկներով ծրագրից ակնկալվող արդյունքներն են»:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանում Գյումրու ազատ տնտեսական գոտին առաջինը չի լինելու, բայց գալու է համալրելու եղածների շարքերը: Կարեն Սիմոնյանը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: Կոչը կոչ, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները բացարձակապես հակված չէին ոչ միայն կողմ քվեարկելուն, այլև դեմ էին նախագծի մի շարք դրույթների: ՔՊ անդամ Լևոն Անանյանը փորձեց անգամ հեգնել՝ ծրագիրը արհեստական բանականության արդյունք համարելով: Վերջինիս համոզմամբ, Կառավարության մի շարք ծրագրերի մասնակցելով կարելի է հասնել նույն արդյունքներին, և կարիք չկա դրա համար ազատ տնտեսական գոտու պահանջ դնել: Ըստ ՔՊ խմբակցության՝ Գյումրին վերջին հինգ տարվա ընթացքում փոխվել է դրական առումով: «Գյումրին հինգ տարվա մեջ փոխվե՞լ է,- զարմացավ Կարեն Սիմոնյանը,- դուք ձեր հետ անկե՞ղծ եք, ինչո՞վ է փոխվել, էն, որ հուշագիր եք խզել՝ փոսերով լիքը քաղաք թողնելո՞վ»:
Կողմերի բանավեճին միջամտեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հիշեցնելով, որ Գյումրուն հատուկ կարգավիճակ տալու առաջարկ ինքն արել է դեռևս 1996թ․-ին, խոսակցություններ եղել են նաև 2000-ականներին, այլ հարց է, թե ինչու տարբեր տարիների կառավարությունները չեն ընդառաջել: «Նմանատիպ աղետներից հետո աշխարհում ընդունված պրակտիկա է, որ տվյալ բնակավայրը հռչակվի ազատ տնտեսական գոտի, որպեսզի զարգանա: Այլ մեխանիզմ աշխարհում չի եղե: Դե, որ Գյումրիի մասին մտածեին, էս 37 տարում արած կլինեին,- նկատեց Վարդան Ղուկասյանը,- նաև չէր լինի էս հսկայական տարբերությունը Երևանի 160 միլիարդանոց բյուջեի ու Գյումրու 7 միլիարդանոց բյուջեի միջև»:
Նիստին ներկա ավագանու 31 անդամից ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձի նախագծին կողմ քվեարկեցին 18-ը, «Քաղաքացիական պայմանագրի» 13 անդամը ձեռնպահ մնաց:
Գյումրու զարգացման 5-ամյա ծրագիր, որ չէր ընդունվել նախորդ նիստի ժամանակ՝ արժանանալով բուռն քննադատությունների գրեթե բոլոր խմբակցությունների կողմից, լրամշակումից հետո կրկին ներկայացվեց ավագանիների դատին: Քննարկումների արդյունքում ավելացել էր ծրագրերի թիվը, ներառվել էին խմբակցությունների առաջարկած ծրագրերի մեծ մասը: «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն անդրադարձավ իրենց առաջ քաշած Սևերսկի թաղամասի կոյուղատարի կառուցմանը, որը զարգացման ծրագրի առաջին տարբերակում չէր ընդգրկվել: Ի դեպ, խնդիրը բարձրաձայնվել էր նաև ՔՊ խմբակցության կողմից:
«Սևերսկի թաղամասում կոյուղատար չկա 1960թ․-ից: Մենք քանի անգամ եղել ենք թաղամասում և ասեմ, որ հարցը շատ ավելի լուծելի է, քան թվում է: 2024թ․-ի հոկտեմբերին թաղի բնակչուհի Աննա Մովսիսյանը նամակ է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ստացել պատասխան, որ առաջարկում են հարցը դիտարկել համապատասխան սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Այս պարագայում, եթե պետությունը պատրաստ է 70 տոկոսի ներդրման, համայնքի մասնաբաժինը կկազմի 30 տոկոս,- նշեց Լիզա Գասպարյանը,- առաջարկում եմ միավորել մեր ուժերն այս խնդրի շուրջ, քանի որ գյումրեցիներին չեն հետաքրքրում մեր քաղաքական հետաքրքրությունները, տրամադրությունները, ինտրիգները, գյումրեցուն հետաքրքրում է, որ լուծվեն իր խնդիրները: Ես խոսել եմ պարոն Սիմոնյանի հետ և պարզվել, որ 2026թ․-ի սուբվենցիոն ծրագրերին ցավոք չենք կարող առաջարկություններ անել, բայց կա մեկ այլ տարբերակ: ԱԺ-ում դեռ չեն սկսվել բյուջեի քննարկումները, աշխատենք այս հարցը բարձրացնել արդեն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի միջոցով»:
Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրն ընդունվեց 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեց ՔՊ խմբակցությունը:
Օրակարգի 14-րդ հարցը վերաբերում էր «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելուն: Նախապես առաջարկված 14 մլն դրամը քննարկումների արդյունքում կրճատվել էր մինչև 6 մլն դրամի, իսկ օրը նշանակվել՝ հոկտեմբերի 18-ին: Սակայն, ավագանու նիստում, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկությամբ որոշվեց այս տարի քաղաքի օրը չնշել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:
Մեկնաբանել