HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրական 3 վրաերթ, ամեն 10-րդը՝ մահվան ելքով

2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է վրաերթերի 1079 դեպք, որի հետևանքով 107 մարդ մահացել է, 1065-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այսինքն՝ օրական միջինում 3 վրաերթ է գրանցվել, ամեն 10-րդը՝ մահվան ելքով։

Հետիոտն_1.png (68 KB)

Ներքին գործերի նախարարության տվյալներով հետիոտների վրաերթերը հիմնականում տեղի են ունենում չթույլատրված վայրերով անցնելու հետևանքով։ Բայց այս վիճակագրությունը չի խանգարում մարդկանց շարունակել փողոցն անցնել չթույլատրված վայրերով։ 2025-ի օգոստոսի 15-ի դրությամբ ամեն օր միջինում 3 վրաերթ է լինում, ամեն 16-ի հետևանքով մարդ է մահանում։

հետիոտն_2.png (56 KB)

2024 թվականին Պարեկային ծառայությունը Երևան քաղաքում և մարզերում հետիոտների անցման կանոնների խախտման 19410 դեպք է արձանագրել։ Պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Նարեկ Մկրտչյանի հետ Երևանի կենտրոնում կատարած կարճ շրջայցի ընթացքում խախտման մի քանի դեպք էլ մեր տեսախցիկն արձանագրեց։ 

«Սկզբնապես մենք փորձում ենք զգուշացնել, հորդորել, որպեսզի չանցնեն փողոցը, սակայն կան քաղաքացիներ, որոնք չեն ընդունում այդ հորդորը և անցնում են․ այդ ժամանակ արդեն պետք է կազմես արձանագրություն»,- նշում է ավագ լեյտենանտը։ 

Այս տարվա օգոստոսի 2-ից հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է։ Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը դրաձել է տասը հազար դրամ: 

«Տուգանքի բարձրացումը ուղղված է նրան, որ էլ ավելի քաղաքացիները սթափ գիտակցեն և փորձեն հնարավորինս իրավախախտումը չկատարել, քանի որ արարքը շատ վտանգավոր իրավախախտում է։ Ճանապարհը չթույլատրված տեղով անցնելիս վարորդները հնարավորություն չեն ունենում նկատելու հետիոտնին, ուստի դրա հետևանքը վրաերթն է լինում»,- նշում է Նարեկ Մկրտչյանը։

Նարեկ Մկրտչյանի դիտարկմամբ մարդկանց իրավագիտակցությունն այս հարցի վերաբերյալ բարձրացել է՝ սխալ տեղով փողոցն անցնողների թիվը գնալով նվազում է։ Դա է  փաստում նաև Երևան քաղաքում 2025 թվականին հետիոտների անցման կանոնների խախտման արձանագրությունների նվազումը։ 2025-ի առաջին ութ ամսում հետիոտների խախտումները Երևանում շուրջ 5.5 անգամ պակաս են 2024-ի ողջ տարվա համեմատ։

հետիոտն_3.png (69 KB)

Նվազման միտում կա նաև մարզերում կազմված արձանագրություններում։ 

հետիոտն_4.png (70 KB)

Եթե արձանագրության կազմման պահին քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, տուգանելու համար Պարեկային ծառայությունը կատարում է նույնականացնում հատուկ սարքի միջոցով։

«Սարքը համալրված է նույնականացում կատարելու գործողությամբ, տեսախցիկի միջոցով նույնականացնում են, նկարում ես և քաղաքացու անձնական տվյալները արդեն ներբեռնվում է, ցույց է տալիս մեզ մոտ։ 16 տարին լրացած անձինք արդեն համարվում են վարչական իրավախախտում կատարող անձինք և ենթակա են տուգանվելու։ Իսկ եթե 15 տարին լրացած չէ, նախազգուշացնում ենք և փորձում էնպես անել, որ կատարված իրավախախտումը հաջորդիվ չկրկնվի և ներկա պահին վերացվի»,- ասում է Պարեկային ծառայության ավագ լեյտենանտը։

Նվազել է նաև հավաքագրված տուգանքների չափը։ 2025 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ 6 անգամ ավելի քիչ տուգանք է մուտքագրվել պետական բյուջե, քան 2024 թվականին։ 

հետիոտն_5.png (58 KB)

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշում է, որ նախարարությունը վրաերթերի թվի կրճատման նպատակով պարբերաբար իրազեկող հոլովակներ է հրապարակում։ Պարեկներն իրենց ծառայության ընթացքում քաղաքացիներին ներկայացնում են, որ հետիոտնը ևս երթևեկության մասնակից է և պետք է հետևի սահմանված կանոններին։

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում մեկնարկել է նաև «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցների շարք, որի շրջանակում պարեկներն ու համայնքային ոստիկանները դպրոցներում կանխարգելիչ և իրազեկող բնույթի զրույցներ են անցկացնում աշակերտների հետ՝ ներկայացնելով նաև փողոցն անցնելու կանոնները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter