Ջիմի Քիմելի հաղորդումը հանել են եթերից. պատճառը Քըրքի սպանության մեկնաբանությունն ու թրամփականներին քննադատելն էր
ABC հեռուստաընկերությունը, որը պատկանում է The Walt Disney Company-ին, սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ «անորոշ ժամկետով» դադարեցրել է Ջիմի Քիմելի երեկոյան շոուն, երբ վերջինս եթերում մեկնաբանել է քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Քիմելը սեպտեմբերի 15-ին խոսել է Քըրքի սպանության մասին՝ քննադատելով «MAGA-ական հրոսակին», այսինքն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին։
«MAGA-ի հրոսակը հուսահատորեն փորձում է պատկերել, թե Չարլի Քըրքին սպանած տղան ինչ-որ բանով տարբերվում է իրենցից, և ամեն ինչ անում են դրանից քաղաքական օգուտ քաղելու համար»,- հայտարարել էր ԱՄՆ ամենահայտնի հաղորդավարներից մեկը՝ Ջիմի Քիմելը։
Դրանից հետո ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի նախագահ Բրենդան Քարը կոչ էր արել աշխատանքից ազատել Քիմելին ու դադարեցնել հաղորդման հեռարձակումը։ Քարը նշել է, որ հանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել, իսկ հաղորդման հեռարձակողները կարող են տուգանվել կամ էլ զրկվել լիցենզիայից։ «Հիմա դա շատ, շատ լուրջ խնդիր է Disney-ի համար։ Մենք կարող ենք կամ հեշտ ճանապարհով գնալ, կամ էլ բարդ»,- ասել է Քարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ջիմի Քիմելի հաղորդմանը, ողջունել է հաղորդման հեռարձակման դադարեցման՝ հեռուստաընկերության որոշումը։ «Շնորհավորում եմ ABC-ին, որ նա վերջապես իր մեջ արիություն է գտել անելու դա, ինչը պետք է վաղուց աներ»,- ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, դեմոկրատ քաղաքական որոշ գործիչներ քննադատել են այդ որոշումը՝ հայտարարելով խոսքի ազատության նկատմամբ հարձակումների մասին։
Ջիմի Քիմելը դեռևս չի մեկնաբանել ABC-ի որոշումը։
Ամերիկյան այս հեռուստաընկերությունը «Jimmy Kimmel Live» հաղորդումը հեռարձակում էր 2003 թվականի հունվարից։ Նա ԱՄՆ ամենահայտնի հաղորդավարներից մեկն է։ Քըրքի սպանությունից անմիջապես հետո նա քննադատել էր տեղի ունեցածն ու իր ցավակցությունը հայտնել ակտիվիստի հարազատներին։
Ամերիկյան CBS հեռուստաընկերությունն էլ հուլիսին հայտարարել էր, որ 2026 թվականին կփակի The Late Show հաղորդումը, որի վերջին վարողը Սթիվեն Քոլբերն էր։ Այս հաղորդման ընթացքում ևս պարբերաբար քննադատում էին Դոնալդ Թրամփին։
Լուսանկարը՝ Randy Holmes/Disney/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել