ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։
ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ միայն նշում է, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի այսօր մեկնարկող եռօրյա գագաթնաժողովին՝ առանց որևէ տեղեկություն տալու ֆորումի մասին։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ, որը ֆորումի կազմակերպիչն է, այն կենտրոնանալու է «ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ մարդասիրական ճգնաժամերը կանխելու գործում անվտանգության մարմինների փոխադարձ համագործակցության դերի, ինչպես նաև գլոբալ տեխնածին աղետների և շրջակա միջավայրի կատակլիզմների» վրա։
Ասվում է, որ անցած տարի ֆորումին մասնակցել են հիսուն երկրների անվտանգության կառույցների ներկայացուցիչներ։
2024թ. նոյեմբերին Հայաստանը պաշտոնական հրավեր էր ստացել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29) Բաքվում մասնակցելու համար, սակայն որոշել էր պատվիրակություն չուղարկել՝ ի նշան բողոքի Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և Արցախի նախկին պաշտոնյաների։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել