HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կուրություն և խլություն ունենալը բացարձակ արգելք չէ դատավոր դառնալու համար. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. սեպտեմբերի 16-ին Սահմանադրության երկու հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել Կառավարության կողմից 2019թ. մայիսի 30-ին ընդունված որոշման կետերը, ըստ որի՝ դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք է սահմանվում երկու ականջի կայուն լրիվ խլութուն կամ խուլհամրություն ու երկու աչքերի կուրություն ունեցող անձանց համար:

ՍԴ-ն որոշումը կայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ 2024թ. սեպտեմբերի 27-ին ներկայացված դիմումի հիման վրա՝ Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման Հավելված 1-ի 15 և 16-րդ կետերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով: Որոշման հենց այդ կետերով էլ նախատեսված է բացարձակ արգելքը:

ՄԻՊ-ի դիրքորոշումն այն է, որ հնարավոր է սահմանել որոշակի հիմքեր, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հետ:

Ըստ ՄԻՊ-ի՝ ակնհայտ է, որ պետությունը, Սահմանադրությամբ ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքը որպես սկզբունք, իր առջև դրել է պարտականություն՝ երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորությունների ապահովումը:

Կառավարության ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննարկվող հարցը հարկ է առանձին քննարկման առարկա դարձնել նաև դատարան դիմած անձանց արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման կարևորության համատեքստում: Մասնավորապես՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնում նշանակվելը կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Հետևաբար՝ հարցը պետք է դիտարկել նաև արդար դատաքննության մատչելիության համատեքստում:

Ըստ Կառավարության՝ դատավորի աշխատանքը պահանջում է մի շարք հմտություններ, այդ թվում՝ վկայություններ լսելը, փաստերի վերլուծությունը և կողմերի միջև երկխոսություն հաստատելը: Դատավորի մոտ քննարկվող հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել այդ գործընթացին, որը կարող է հանգեցնել դատական քննության, արդարադատության իրականացման որակի անկման:

Նշյալ պայմաններում դատավորի կողմից գործի քննության իրականացումը կարող է առաջացնել նաև երկխոսության բարդություններ: Նա չի կարողանա լիարժեք լսել կողմերի դիրքորոշումները, փաստերի ներկայացումը, վկաների ցուցմունքները, որը խնդրահարույց է փաստերի ճիշտ ընկալման, մեկնաբանության, ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից, ինչն էլ, իր հերթին, շատ հաճախ կարող է հանգեցնել արդարադատության ոչ պատշաճ իրականացման:

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ դատավորի պաշտոնում նշանակման գործընթացում հատվում են հանրային բնույթի երկու շահեր՝ իրավաչափ, արհեստավարժ և արդյունավետ արդարադատության իրականացումն ու դատավորի պաշտոնին հավակնելու իրավունքի ներառականության անհրաժեշտությունը: Վերջինս այն առումով, որ դատավորի պաշտոնի թեկնածուին առաջադրվող կրթական, աշխատանքային փորձի և բարեվարքության չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ հնարավորություն պետք է ունենա մասնակցելու և հաղթելու դատավորի թափուր պաշտոնի համար մրցույթում՝ հնարավորինս նվազեցնելով առողջական խնդիրների պատճառով մրցույթին չթույլատրելու իրավական հիմքերը:

ՍԴ-ն արձանագրել է նաև, որ կուրություն, խլություն կամ համրություն ունեցող անձանց մի շարք երկրներում տրամադրվում է դատավորի պաշտոնին հավակնելու իրավական հնարավորություն: Այդ երկրներից են ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և այլն:

ԱՄՆ փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, օրինակ, կուրություն ունեցող անձանց հնարավորություն է տրվում զբաղեցնելու դատավորի պաշտոնը, իսկ պաշտոնավարելիս կուրություն ձեռք բերելու դեպքում այն պաշտոնավարման դադարեցման հիմք չի հանդիսանում։ Ընդ որում, կուրություն ունեցող դատավորների պաշտոնեական գործառույթների պատշաճ և արդյունավետ կատարման համար գործում է խելամիտ հարմարեցումների տեխնիկական երաշխիքների մի ամբողջ համակարգ՝ դատավորին աջակցող օժանդակ անձնակազմ, բրալյան գրեր, ձայնագրառող սարքեր, համակարգչից օգտվելը դյուրացնող ծրագրեր և այլն:

Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել Կառավարության մատնանշած դատավարական և աշխատանքային ռիսկերը, որոնք կարող են առաջանալ քննարկվող հիվանդություններով (վիճակներով) անձանց կողմից։

Դատավորի կարգավիճակում պաշտոնավարելու դեպքում: Սակայն տեխնիկական հարմարեցումների բացակայության պատճառով սահմանադրական նորմը չի կարող չիրացվել, այլ հակառակը՝ նորմի գոյությունը պետությանը պարտավորեցնում է ստեղծել դրա իրացման արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր:

ՍԴ-ն իր որոշման մեջ նշել է նաև, որ դատավորի պաշտոնում նշանակվելու կարևորագույն հատկանիշը հավակնորդի անձնային և մասնագիտական որակների համակցությունն է, որը ներառում է նաև նրա անձնական և մասնագիտական բարեվարքությունը: Այս ամենը կազմում է հավակնորդի մարդաբանական էությունը: Նշյալ հատկանիշներով պետք է գնահատվի հավակնորդի համապատասխանությունը դատավորի պաշտոնին, որից հետո միայն հավասարակշռվեն դատավորի գործառույթների կատարման համար ֆիզիկական-ֆիզիոլոգիական խոչընդոտները:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը սահմանադրաչափ է համարում վերոքննարկյալ հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդների նկատմամբ անհատական մոտեցում սահմանելիս ողջամիտ հայեցողության դրսևորման իրավազորությունը: ՍԴ-ն նշել է նաև այն մասին, որ արդարադատության մատչելիությունը, միևնույն ժամանակ «տեսանելիությունը» ենթադրում են բանավոր դատաքննությանը դատավորի մասնակցությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են՝ ինքնավստահությունը, արդարադատություն գործադրելու անձնային կարողությունը: Միանձնյա դատավորի կողմից իրականացվող բանավոր դատաքննության պարագայում գործընթացի ողջ ծանրությունը դնում է մեկ անձի վրա՝ նրա առողջական վիճակի բարվոքությունից բարձրացնելով դատավարության մասնակիցների և հանրության լեգիտիմ ակնկալիքի շեմը:

«Բոլոր դեպքերում, Որոշման Հավելված N 1-ի վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններով (վիճակներով) տառապող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները»,- նշված է ՍԴ որոշման մեջ:

ՍԴ-ն որոշել է, որ Կառավարության վերը նշված որոշման՝ բացարձակ արգելք սահմանող երկու կետերը հակասում են Սահմանադրության 49-րդ (Հանրային ծառայության անցնելու իրավունքը) և 75-րդ (Հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը) հոդվածներին, հետևաբար դրանք անվավեր են:

Նշենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter