
Տեղի է ունեցել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկնարկային նիստը
Սեպտեմբերի 19-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկնարկային նիստը։ Այս մասին հաղորդում են ԲՏԱ նախարարությունից։
Նիստին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Թևոսյանը և այլ պաշտոնյաներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը ներկայացրել է հիմնադրամի ստեղծման գաղափարի ձևավորման նախապատմությունը։ Նախարարը նշել է, որ հիմնադրամի առաքելությունը մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակության ստեղծումն ու տարածումն է՝ նպաստելով արժեքային և հանրային շահերին ծառայող մեդիամիջավայրի ձևավորմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ նիստի քարտուղարի և հիմնադրամի տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմի նշանակումը, խորհրդի նախագահի ընտրությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ընտրության մրցույթի կազմակերպման կարգը։
Հաշվի առնելով հիմնադրամի ձևավորման ընթացիկ փուլը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, խորհրդի միաձայն որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընտրվել է խորհրդի նախագահ:
Նիստի արդյունքում հաստատվել են հիմնադրամի առաջիկա քայլերն ու գործողությունների ճանապարհային քարտեզը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի նպատակն է հանրային մուլտիպլեքսում սլոթ ունեցող հեռարձակողներին տրամադրել նպատակային ֆինանսավորում՝ հանրօգուտ տեսալսողական բովանդակության ստեղծման համար։ Դրանք ներառում են մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ հաղորդումներ, որոնք նպաստում են հանրային շահի սպասարկմանը։
Մեկնաբանել