HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Քոչարյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը:

«Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նշել.

« Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, որտեղ այս տարի կրկին պատիվ ունենք հյուրընկալելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարը: Ավելի քան երեք տասնամյակ առաջ ձեւավորված այս կարեւոր հարթակը ծառայել է ժողովրդավարական պետությունների միջեւ վստահության ամրապնդմանը, անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ համապարփակ քննարկումներն: Առաջիկա օրերին մենք բացառիկ հնարավորություն ունենք շարունակելու այդ արժեքավոր երկխոսությունը:

Հայաստանում վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարն անցկացվել է 2015 թվականին: Այսօր՝ 10 տարի անց, մենք կրկին միավորվել ենք նույն արժեքների՝ խաղաղության, կայունության եւ համագործակցության շուրջ: Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ եւ բազմաշերտ զարգացումները, առավել քան երբեւէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման եւ քաղաքական կամքի դրսեւորման կարիք:

Հետեւաբար, նպատակային է նաեւ այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը.

  • խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ,
  • տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը,
  • ժողովրդավարության դիմակայունությունը,
  • հիբրիդային սպառնալիքները եւ ապատեղեկատվությունը,
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցություն:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվեց համատեղ հռչակագիր: Այս փաստաթղթով նոր էջ բացվեց Հարավային Կովկասի պատմության մեջ, ամրագրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլեւ տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորությու:

Այս համատեքստում Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականը ներդաշնակվում է հռչակագրի դրույթներին՝ առաջարկելով տրանսպորտային եւ ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածություն ու վստահություն: Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ վերափոխելու տարածաշրջանային քաղաքական միջավայրը, տնտեսական համագործակցության, առեւտրի եւ մշակութային փոխանակումների միջոցով ամրապնդելու խաղաղությունը:

Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձեւավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով եւ մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլեւ միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում:

Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, իսկ 2006 թվականից գործընկերային հարաբերությունները եւ տարբեր բնագավառներում համագործակցությունն իրականացվում են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողություններ՝ ծրագրի շրջանակում: Ներկայումս քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերություն» ծրագրի հաստատման ուղղությամբ:

Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը ներառում է ռազմավարական մի շարք ուղղություններ՝ պաշտպանական եւ անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ռազմակրթական փոխանակումներ եւ մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններ:

Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության վրա: Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես պաշտպանական, այլեւ՝ համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը եւ ինստիտուցիոնալ դիմակայունությանը:

Այս հարաբերությունները հատկապես մեծ կարեւորություն են ստանում այսօրվա բազմաբեւեռ, անկանխատեսելի եւ հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության եւ կայուն զարգացման կարեւոր հենասյուն:

Համընդհանուր արժեքներին հավատարիմ լինելուց զատ, վստահ ենք, կարեւոր է նաեւ ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքը: Այս առումով, հատկապես, կարեւորում ենք հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ տեղեկատվական միջավայրում տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ ակտիվ պայքարը:

Հայաստանը բախվում է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը, որն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային եւ պետական քաղաքականության տապալմանը:

Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարեւորում ենք ոչ միայն հասարակական իրազեկվածության, թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, այլեւ՝ քաղաքացիական պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության ոլորտներում միջազգային փորձի փոխանակումը:

Նշածս մարտահրավերների համատեքստում ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ այս տարվա մայիսին Դեյթոնում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում հստակ ընդգծվեց, որ հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվությունը եւ կիբեռհարձակումներն այլեւս ուղեկցող երեւույթներ չեն, այլ՝ հիմնարար սպառնալիքներ ազգային եւ միջազգային անվտանգությանը: Հետեւաբար, Հայաստանի մասնակցությունն այդ սպառնալիքների չեզոքացմանը ոչ միայն արդիական է, այլեւ՝ կենսական:

Ժողովրդավարական կայունության կարեւոր նախապայմաններից է քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Այն պետության անվտանգության քաղաքականության նկատմամբ հանրային վստահության բարձրացման կարեւոր միջոց է, միաժամանակ նպաստում է ուժային կառույցների՝ օրենքին եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան գործելուն:

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության ու հաշվետվողականության մարտահրավերները շատ են՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով, ինչը բնական է ազգային անվտանգության նկատառումների տեսանկյունից: Անշուշտ, այս հանգամանքը չպետք է վերածվի հաշվետվողականության բացակայության. մեր օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքացիական վերահսկողության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմներին, անվտանգության եւ հանրային վերահսկողության իրավունքի համատեղմանը, խորհրդարանականների, հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագիտական համայնքի դերին, այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների փորձին:

Հուսով եմ՝ մեր առաջիկա քննարկումների ընթացքում կծնվեն արժեքավոր դիտարկումներ եւ գործնական առաջարկություններ, որոնք կօգնեն Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը, այլեւ՝ բարձրացնել անվտանգության ոլորտում քաղաքական որոշումների որակն ու վստահելիությունը:

Հարգելի' գործընկերներ,

Տարածաշրջանային տնտեսական համագործակցության եւ անվտանգության փոխկապակցվածությունը եւս առաջիկա քննարկումների կարեւոր բաղադրիչն է: Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է եւ պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա: Ինչպես արդեն նշեցի, այս սկզբունքն ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականի հիմքում:

Այս նպատակով անհրաժեշտ է փոխադարձ վստահության մեխանիզմներ մշակել, բաց պահել երկխոսության ուղիները եւ աջակցել կայունությանն ուղղված նախաձեռնություններին:

Վստահ եմ, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը ոչ միայն կխթանի փորձի փոխանակումը, այլեւ կնպաստի ռազմավարական կապերի խորացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Դաշինքի երկարամյա փորձը, տեսլականը եւ հանձնառությունը խաղաղության ու անվտանգության ապահովման հարցերում կենսական նշանակություն ունեն այսօրվա Հայաստանի համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին եւ բոլոր կազմակերպիչներին այս կարեւոր միջոցառումը կյանքի կոչելու համար:
Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք, խորքային քննարկումներ եւ համատեղ լուծումներ՝ հանուն խաղաղ, կայունության եւ զարգացող Հարավային Կովկասի: Շնորհակալություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter