
Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց միջուկային զենքից չի հրաժարվի
Փհենյանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններին, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու իր պահանջից։ Yonhap գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
«Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ապամիջուկայնացման իր դատարկ մոլուցքից ու ցանկանա Հյուսիսային Կորեայի հետ շարունակել խաղաղ գոյակցությունը՝ հիմնված իրականության ճանաչման վրա, մենք ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու պատճառ չենք ունենա»,- հայտարարել է այդ երկրի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Փհենյանը նույնիսկ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման դիմաց չի հրաժարվի միջուկային զենքից, իսկ ԿԺԴՀ-ի՝ որպես միջուկային գերտերության «անշրջելի» կարգավիճակը ամրագրված է այդ երկրի սահմանադրության մեջ։
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ընը հավելել է, որ «լավ հուշեր» են մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Yonhap-ը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը ուղիղ մեկնաբանել է Թրամփի հետ իր հարաբերությունները։
Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի իշխանությունները Թրամփին կոչ էին արել վերսկսել ԿԺԴՀ հետ բանակցությունները, որոնք պետք է միտված լինեին պատժամիջոցների վերացմանն ու միջուկային զենքից հրաժարվելուն։ Վերջին անգամ նման բանակցություններ տեղի էին ունեցել 6 տարի առաջ։
Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ։
Լուսանկարը՝ Dong-A Ilbo/Getty Images
Մեկնաբանել