
Ներկայացվել է 2025 թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ին հրավիրված նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկվել է Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
«Նախարարի խոսքով հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: ԱՄՆ-ում ու Ռուսաստանի Դաշնությունում աճը կտրուկ դանդաղել է՝ պայմանավորված սպառողական պահանջարկի թուլացմամբ, մինչդեռ Չինաստանում եւ եվրագոտում գրանցված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել սպառման, ինչպես նաեւ արդունաբերական արտադրանքի աճով:
«ՀՀ-ում արտահանումը նվազել է 52,8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը, դրան զուգահեռ հայկական ծագման ապրաքների արտահանումն աճել է 10,3 տոկոսով»,- նշել է զեկուցողը:
Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը նվազել է 38,6 տոկոսով, որը եւս պայամանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 6,3 տոկոսով, որը պայմանավորված է հիմանակում ծառայությունների աճով: Առաջանցիկ աճեր են գրանցվել նաեւ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում:
Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, աճել է վարձու աշխատողների թվաքանակը 5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է առեւտրի, շինարարության, ինչպես նաեւ պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներում աշխատողների թվի աճով:
Հունվար-հունիս ամիսներին գնաճը որոշակի արագացել է՝ մոտ լինելով ԿԲ 3 տոկոս թիրախային ցուցանիշին:
Խոսելով պետական բյուջեի հիմնական ցուցանիշներից՝ հիմնական զեկուցողը նշել է, որ եկամուտների տարեկան ճշտված ցուցանիշը կազմում է 2 տիլիոն 848 միլիար դրամ եւ ծախսերը կազմում են 3 տիլիոն 466 միլիարդ դրամ, որի արդյունքում եղել է կատարողականի բարձր մակարդակ, դեֆիցիտը կազմել է 39,2 միլիարդ դրամ՝ պլանավորված 325 միլիարդի փոխարեն:
Պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային եւ արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024 թվականի տարեվերջի եւ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 եւ 384.3 դրամ:
Դրամային արտահայտությամբ Կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկինը նվազել է 2.2 տոկոսով:
Նախարարի խոսքով նոմինալ առումով պետական պարտքը դրամով կազմել է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 միլիարդ 852 միլիոն դոլար:
Նշվել է, որ Կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղենիշների մեջ: Միջին կշռված տոկոսադրույքը 2025 թվականի առաջին կիսամյակում 2024 թվականի վերջի համեմատությամբ մնացել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 7.2 տոկոս: Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:
Նախարարն ընդգծել է, որ բոլոր ցուցանիշները գտնվում են կառավարելի ու թիրախային մակարդակներում:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր նկարում՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանել