HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալի գիրքը Վենետիկում

Օրերս Վենետիկում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսը, որը բացեց Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, երախտավոր հայագետ Լևոն Զեքիյանը։ Իսկ հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանը Կա Ֆոսկարի համալսարանի և «Պո-Արաքս» մշակութային ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացների ուսուցչական և ուսանողական կազմին, ինչպես նաև իտալահայ և ամերիկահայ համայնքների մասնակիցներին ներկայացրեց Ենոքյանի գիրքը:

Բախչինյանը անդրադարձավ ոչ միայն Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդրին և Մհեր Ենոքյանի դեպքին մասնավորապես, այլ խոսեց ներկայումս Հայաստանում ծավալվող քաղաքացիական շարժումների, հատկապես բնապահպանական պայքարի մասին, նշելով, որ իր՝ Հայաստանում ցմահների և Ենոքյանի գործերով հետաքրքրվելը բնապահպանական շարժմանն ընդգրկված լինելու արդյունք է եղել։ Մեկ ժամից ավելի տևած բանախոսությանը` հայերեն և անգլերեն լեզուներով, հետևեց հարց ու պատասխան։

Ներկաները, որ 14 երկրների հայ և այլազգի ներկայացուցիչներ էին, առաջին անգամ էին տեղեկանում ներկայացվող խնդիրներին։ Սփյուռքահայ ներկաները մասնավորապես նշեցին, որ սփյուռքահայությունը պետք է ակտիվորեն արձագանքի հայաստանյան քաղաքացիական շարժումներին, քանի որ բարձրացվող խնդիրները չպիտի տարանջատել։

Ներկաները` պարսկա-հայկա-ֆրանսիական ծագումով, բոլորն էլ մտավորականներ ու մանկավարժներ, հանդես եկան Հայաստանի իշխանություններին ուղղված կոչով` բեկում մտցնել Ենոքյանի ճակատագրում, վերանայել քրեական գործը:

Ներկաները նաև գնեցին արդեն տասնյոթ տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալի գիրքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում գումար վճարելով, գիտակցելով, որ այդպիսով իրենց լուման են ներդնում Ենոքյանի նախաձեռնությանը՝ գրքի հասույթը փոխանցելով քաղցկեղով հիվանդ երեխաներին` «Օգնեմ» հիմնադրամին։

Հավաքվեց 300 դոլար: Ամենահուզիչը ամերիկահայ Միմի Մալայանի արածն էր. նա հայերեն ու ռուսերեն չի կարդում, բայց գնեց գիրքը՝ նվիրաբերելով հարյուր դոլար։

«Չեմ զարմանում. նա մեր ժողովրդի հիանալի դուստրերից մեկի՝ հրապարակախոս, բարեգործ Դիանա Աբգարի ծոռնուհին է, որ եղել է աշխարհի առաջին դիվանագիտական պաշտոնին նշանակված կինը (1920-ին Հայաստանի դեսպանը Ճապոնիայում) ու բազմաթիվ գաղթական հայերի է օգնել»,-ընդգծեց Արծվի Բախչինյանը։

Զարուհի Մեջլումյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter