HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարում քննարկվել են տարածաշրջանային մարտահրավերները

Երեւանում շարունակվում է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Զեկույցները վերաբերել են «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմային: Նիստի առաջին մասը՝ այստեղ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։

Մտքեր են փոխանակվել «Աշխարհաքաղաքական մրցակցությունն ու ներքին մարտահրավերները Հարավային Կովկասում» թեմայի շրջանակում:

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան եւ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսել են աշխարհաքաղաքական ներկա իրողությունների, տարածաշրջանի երկրների միջեւ փոխհարաբերությունների ու մարտահրավերների մասին եւ պատասխանել մասնակիցների հարցերին: Կարեւորվել են Հարավային Կովկասում երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատման ուղղված ջանքերը:

Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով սպա Ալեքսանդր Վիննիկովը տեսակետ է հայտնել «Հայաստանի Հանրապետության գործընկերությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ» թեմայի վերաբերյալ: Ալեքսանդր Վիննիկովն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ շահավետ փոխգործակցությանը՝ նշելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել՝ խորացնելու համագործակցությունը դաշինքի հետ: «ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ուժեղացնելու իր պետական կառույցները, խորացնելու բարեփոխումները եւ բարձրացնելու դիմակայունության մակարդակը»,- ընդգծել է զեկուցողը:

Նա փաստել է, որ երկկողմ գործակցությունը շոշափելի արդյունքներ է ապահովում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համար: «Ապագայում մեր օրակարգը կարող է էլ ավելի հավակնոտ դառնալ»,- նման կարծիք է հայտնել բանախոսը եւ հավելել, որ հնարավորություններ կան նոր նախաձեռնությունների համար, այդ թվում՝ կիբեռ եւ հիբրիդ վտանգների դեմ պայքարում, սահմանների  կառավարման, ականազերծման եւ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Ալեքսանդր Վիննիկովը նշել է, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանգրի համաձայնեցված տեքստը: Ըստ զեկուցողի՝ դաշինքը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը: «Այս ամենը նպաստում է տարածաշրջանում ունենալ ավելի կայուն միջավայր, որից շահում է ամբողջ Հարավային Կովկասը»,- եզրափակելով ելույթը՝ ասել է զեկուցողը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը մանրամասն խոսել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացման հեռանկարներից, նշել, որ դրանք աննախադեպ մակարդակի են հասել: «ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները երբեք այդքան ուժեղ չեն եղել, ինչպես հիմա են»,- փաստել է դեսպանը:

Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգով դիմակայունության եւ աճի հատուկ ծրագիր է նախատեսված. 270 մլն եվրոյի աջակցություն՝ ուղղված Հայաստանի դիմակայունությանը, տնտեսական զարգացմանը, տնտեսության բազմազանեցմանը, ինչպես նաեւ Հայաստանը Եվրոպային ավելի մերձեցնելուն:

Դեսպանը մանրամասնել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացման համար՝ անվտանգությունից մինչեւ վիզաների ազատականացում:

Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն աջակցում է խաղաղության հարաբերությունների կարգավորմանը տարածաշրջանում: Նա հավելել է, որ Եվրոպական միությունը ողջունել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը լրջագույն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին:

«Հայաստանը եւ Հայաստանի բնակիչները կարող են ԵՄ-ից շարունակաբար աջակցություն ակնկալել բարեփոխումների բոլոր գործընթացներում, ինչպես նաեւ խաղաղության օրակարգն իրականություն դարձնելու հարցում: Մենք լիահույս ենք, որ կշարունակվի մեր համագործակցությունը»,- եզրափակել է ելույթը դեսպանը:

Թեմայի շրջանակում եղել են ելույթներ ու դիտարկումներ, հարցուպատասխանի ձեւաչափ:

Սեմինարի աշխատանքը կշարունակվի սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter