HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են 2025թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Սուդանում, Հարավային Սուդանում, Ուկրաինայում եւ Գազայում մարդասիրական աշխատանք իրականացնող բացառիկ անհատներ դարձել են
2025 թ«Ավրորայի» հերոսներ։ Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025թ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) եւ Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից եւ որպես մրցանակի հավակնորդներ՝ ներկայացրել Նյու Յորքում՝ Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ կազմակերպված ճեպազրույցի եւ քննարկման ժամանակ։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։

Նույնիսկ այն պարագայում, երբ մարդասիրական ճգնաժամերը խորանում են, իսկ միջազգային ֆինանսավորումը կրճատվում, այս բացառիկ անհատները շարունակում են գործել եւ փոխել իրադրությունն իրենց համայնքներում՝ վտանգելով սեփական կյանքը եւ փրկելով երեխաներին պատերազմական գոտիներում, շարունակելով բաց պահել հիվանդանոցները նույնիսկ կրակի տակ, կենսական բուժում ապահովելով հեռավոր եւ հակամարտություններից տուժած համայնքներում։ 

2025թ «Ավրորայի» հերոսներն են 

  • Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի եւ Կոսովոյի հակամարտությունների ժամանակ հարյուրավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից եւ հիմնել մանուկներին շտապ բուժօգնություն ցուցաբերող կազմակերպություններ: Տիկին Բեքերը հետագայում ընդլայնել է իր գործունեությունը դեպի Իրաք, Ուկրաինա եւ Գազա՝ սկսելով հեռաբժշկության ծրագիր, որը տեղացի բժիշկներին կապում է մանկաբույժների համաշխարհային ցանցի հետ։
  • Ջամալ Էլթայեբ (Սուդան)՝ բժիշկ, որի ջանքերով 2023 թ ապրիլից` պատերազմի սրումից ի վեր, Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը շարունակում է գործել մեծ Խարթումի՝ որպես վերջին բուժկենտրոններից մեկը։ Բժիշկ Էլթայեբի ղեկավարությամբ հիվանդանոցը շարունակում է իր գործունեությունը եւ, չնայած անընդհատ տեղացող ռմբակոծություններին, ռեսուրսների ծայրահեղ պակասին ու ենթակառուցվածքների փլուզմանը, օգնում փրկել հարյուրավոր կյանքեր:
  • Զուհայր Լահնա (Մարոկկո)՝ մանկաբարձ-գինեկոլոգ, որն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է հակամարտության եւ աղետներից տուժած գոտիներում՝ տրամադրելով բժշկական խնամք, վերապատրաստելով տեղի անձնակազմին եւ համակարգելով մարդասիրական օգնությունը: Բժիշկ Լահնան աշխատել է Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Ուգանդայում, իսկ վերջերս՝ նաեւ Գազայում, որտեղ 2023թ հոկտեմբերից սկսած պարբերաբար հերթափոխով բժշկական ծառայություն է իրականացնում։ 
  • Ջիլ Սիման (ԱՄՆ/Հարավային Սուդան)՝ բժիշկ, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը եւ ավելի քան երեք տասնամյակ շարունակում է կենսական բուժօգնություն տրամադրել հակամարտությունից տուժած Հին Ֆանգակում՝ տարեկան բուժելով մոտ 40000 հիվանդի: Բժիշկ Սիմանը համարվում է վիսցերալ լեյշմանիոզի եւ տուբերկուլյոզի կանխարգելման պրոտոկոլների ներդրման առաջամարտիկ Հարավային Սուդանում եւ Ալյասկայի գյուղական համայնքներում՝ վերապատրաստելով տեղի բուժաշխատողներին եւ գործնականում օգնելով նրանց։ 

««Ավրորայի» այս չորս հերոսները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ոմանց խիզախությունը, կարեկցանքն ու նվիրումը կարող են լուսավորել շատերի ճանապարհը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ «Մեծագույն պատիվ է փառաբանել նրանց արտասովոր աշխատանքը եւ այն հույսը, որ նրանք պարգեւում են աշխարհի ամենախոցելի խմբերին»։

Ըստ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ 2025 թվականը կարող է դիտարկվել որպես ամենամահացու տարին մարդասիրական աշխատանք իրականացնողների համար։ Այս համատեքստում «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում հատկապես տեղում մարդասիրական գործունեություն ծավալողներին, որոնք գործում են աշխարհի ամենավտանգավոր ճգնաժամերի առաջնագծում։ Դափնեկիրը կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ իր խիզախ գործունեությունը շարունակելու եւ դրա ազդեցությունն ընդլայնելու համար՝ աջակցելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին։ 

«Այս տարվա առաջադրումների մեջ առանձնանում են այն անհատների բացառիկ խիզախությունը, հնարամտությունը եւ վճռականությունը, որոնք, հաշվի առնելով սեփական փորձն ու իրենց համայնքի առանձնահատկությունները, արձագանքում են ճգնաժամերին այնտեղ, որտեղ ուրիշ ոչ ոք դա չի անում։ Նրանց աշխատանքը հիշեցնում է այն մասին, որ տրանսֆորմացիոն փոփոխությունները հաճախ սկսվում են տեղական մակարդակում՝ առաջնորդվելով այն մարդկանց կողմից, որոնք լավագույնս ճանաչում են իրենց համայնքները եւ ձգտում են մտածված, երկարաժամկետ լուծումների»,- հավելեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, հայտնի լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025թ դափնեկրի անունը կհայտարարի նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում սպասվող 2025թ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Այս պատմական վայրում, որը դարձել է հույսի եւ ապաստանի խորհրդանիշ, «Ավրորան» հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերների, որոնք ուրիշներին փրկելու համար վտանգում են սեփական կյանքը։

Մրցանակի շնորհման արարողության ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նաեւ այն բարերարներին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը Գրասա Մաշել, Մայքլ Միլքեն, Դեյվիդ Ռուբենսթայն եւ Հենրիետա Ֆոր։  Երեկոն կվարեն բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող Ջուդի Վուդրաֆը եւ բեսթսելլեր-հեղինակ, սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, կենդանի կատարումներով հանդես կգան «Գրեմմիի» առաջադրված երաժիշտներՌուֆուս ՈւեյնրայթըեւԱլոե Բլեքը։ 

Ամրագրեք ձեր տեղը, միացեք մեզ՝ տոնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տասնամյակը։ Համագործակցության կամ անհատական տոմսերի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected]էլ. փոստով։

Լուսանկարում (ձախից աջ)՝ Սալի Բեքեր (հեղ՝ Սթիվ Փերսոնս /PA Images), Ջամալ Էլթայեբ (տրամադրել է Ջ Էլթայեբը), Ջիլ Սիման (հեղ՝ Ջոն Դ եւ Քեթրին Թ ՄաքԱրթուր հիմնադրամ), Զուհայր Լահնա (տրամադրել է Զ Լահնան)։ 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին   

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը խթանում է մարդասիրական գործունեությունն աշխարհի տարբեր անկյուններում՝ բացահայտելով եւ աջակցելով մերօրյա բացառիկ հերոսներին։ «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Անցած տասը տարում այն աջակցել է մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 3.5 միլիոն մարդու։ Ֆինանսական աջակցություն տրամադրելով աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական աշխատանք իրականացնողներին, որոնք շարունակում են նվիրատվության շղթան, այն օգնում է մարդասիրական արժեքների եւ գործի տարածմանը նաեւ ապագայում։ Ավելին իմանալու համար այցելեք www.АuroraHumanitarian.org։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter