
Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանն իրար են մեղադրում պատերազմ բերելու մեջ
«Փաշինյանն իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»,- սեպտեմբերի 22-ին գրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Առաջին նախագահը մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին խաղաղության առաջարկները մերժելու, պատերազմի ավելի վաղ դադարեցման առաջարկը չընդունելու և Արցախը հայաթափելու մեջ։
«Ինչեւիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։
Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»,- ասված էր գրառման մեջ։
Նույն օրը երեկոյան Տեր-Պետրոսյանի այս գրառմանն արձագանքեց Փաշինյանը։
«Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում։ Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի այս գրառմանն արձագանքեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պահանջելով Փաշինյանին հրապարակել 2019 թվականին ներկայացված խաղաղության ծրագիրը։
«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի»,- գրել է ՀԱԿ փոխնախագահը:
Այսօր առավոտից՝ աշխատանքային օրը դեռ չմեկնարկած Փաշինյանը վերսկսեց գրառումները նախկին երեք նախագահների մասին։ Իրար հաջորդած երկու գրառումներում Փաշինյանը մեղադրել է նախկին նախագահներին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և Հայաստանի բնակիչներին Արցախ զինվորական ծառայության ուղարկելու համար։
«Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։
Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996-ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրեն հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս»,- գրել է Փաշինյանը։
Մեկնաբանել