
«Բուժվելուց չեմ հրաժարվում, դեղ չեմ կարողանում գնել». քաղցկեղ ունեցող Լաուրա Բաբայանը հարկադրված դադարեցրել է քիմիաթերապիան
69-ամյա Լաուրա Բաբայանն արդեն 2 ամիս է, ինչ չի կարողանում շարունակել քիմիաթերապիան, քանի որ գումար չունի։ 2021թ.-ին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, Արցախում վիրահատել են, հեռացրել են կուրծքն ու ներքին սեռական օրգանները։ Դրանից հետո քիմիաթերապիա է ընդունել և բարելավել առողջական վիճակը։
Լաուրան ամուսնու՝ Սերյոժա Ավանեսյանի հետ ապրում էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ամուսինները հաճախակի են իրենց բնակության վայրը փոխել։ Սկզբում բնակվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, հետո՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղում, այս տարվա մարտ ամսից բնակվում են Վեդի քաղաքում։ Ասում են՝ վարձի պատճառով ստիպված են եղել փոխել տները, հիմա 80 000 դրամ են վճարում տան համար։ 69-ամյա Լաուրայի ու ամուսնու՝ 82-ամյա Սերյոժայի միակ եկամուտն արցախցիներին տրվող 30 000-ական դրամն է ու կենսաթոշակը։
Տեղահանվելուց հետո Լաուրա Բաբայանի առողջական վիճակը վատացել է։ 2024թ. օգոստոսին համակարգչային շերտագրմամբ հայտնաբերվել է հիվանդության պրոգրես՝ լյարդի ախտահարում։
«Տեղահանումից հետո, որ եկել ենք էստեղ, չգիտեմ՝ վախից է, թե ինչից, նոր օջախներ են առաջացել լյարդիս վրա։ Երբ արդեն վատ էի զգացում, բժիշկն ուղարկեց ստուգումների, պարզվեց նաև սրտի խնդիր ունեմ»,- պատմում է նա։
Մինչ Լաուրա Բաբայանը կսկսեր քիմիաթերապիան, նրա սիրտն են զոնդավորել, պարզվել է, որ ունի սրտի իշեմիկ հիվանդություն, քրոնիկ սրտային անբավարարություն։ Դրանից բացի, ունի նաև այլ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա։ Այս հիվանդությունների համար նախատեսված որոշ դեղեր Լաուրա Բաբայանն անվճար ստանում է Վեդու բժշկական կենտրոնից։
Առողջապահության նախարարությունը դեղորայքը տրամադրում է միայն առաջինից երրորդ փուլում գտնվող հիվանդներին
Լյարդի ախտահարման մասին իմանալուց հետո Լաուրա Բաբայանն արդեն քիմիաթերապիայի 12 կուրս ընդունել է։ «Քիմիան երկու դեղով են անում, մեկը հիվանդանոցն անվճար տալիս է, մյուսն էլ «Հերցեպտինն» է։ Էն վախտ Ղարաբաղում 21 օրը մեկ շվեյցարականն էի առնում, հատը՝ 370 000 դրամով, պետությունը փոխհատուցում էր։ Օրինակ՝ մի երեք-չորս հատ որ առնում էինք, որ մոտ 2 մլն էր կազմում, փոխհատուցում էին»,- պատմում է նա։
Քիմիաթերապիայի 12 կուրսի համար նախատեսված դեղերն ընտանիքը գնել է սեփական միջոցներով ու բարեկամների աջակցությամբ։ Առողջապահության նախարարությունը «Հետք»-ին հայտնել է, որ «Հերցեպտին» դեղամիջոցը չի հատկացվում հիվանդության 4-րդ փուլում գտնվողներին։ Նախարարության տեսակետն այն է, որ 4-րդ փուլի հիվանդների համար դեղն «անօգուտ» է, ուստի այն անվճար տրամադրվում է միայն 1-3 փուլում գտնվող բուժառուներին։
«Ինչքան հնարավորություն ունեինք, քրոջս երեխեքն ինչքան կարողացել են՝ օգնել են, 12 հատը ստացել եմ։ Արդեն 2 ամիս կլինի, ինչ հրաժարվել եմ քիմիաթերապիայից, որովհետև գումար չունենք։ Հաջորդը նշանակված է եղել հուլիսի 16-ին, չեմ գնացել»,- ասում է Լաուրա Բաբայանը։
Նա ամեն 4-րդ քիմիաթերապիայից հետո համակարգչային շերտագրություն է անցել։ Լաուրա Բաբայանի խոսքով՝ առաջին 4 քիմիաթերապիայից հետո պարզվել է, որ օջախներից մեկն անհետացել է, երկուսը՝ չափերով փոքրացել։ Հաջորդ հետազոտության ժամանակ երևացել է, որ երկու օջախները կրկին փոքրացել են։ Վերջին՝ հուլիսի 4-ին արված հետազոտության ժամանակ պարզվել է, որ օջախների չափերն այլևս չեն փոփոխվել։
«Կանգնած վիճակա, բժիշկն ասում ա ՝ սա լավ է, բայց պետք է շարունակել քիմիաթերապիան։ Բժշկին հարցնում եմ՝ բա որ հնարավորություն չունեմ, ասում է՝ դե գրիր, որ հրաժարվում ես, ասում եմ՝ ես չեմ հրաժարվում, չեմ կարում դեղ առնել, ոչ թե հրաժարվում եմ։ Ասաց՝ գրիր, որ ֆինանսի պատճառով ես հրաժարվում։ Հարցրեցի՝ ինչքան ժամանակ պիտի քիմիաթերապիա անեմ, եթե հնարավորություն ունենամ։ Ասում է` դե էդ է կանգնած պահում էլի, ինչքան շատ անես՝ էդքան լավ»,- նշում է Լաուրա Բաբայանը։
Ամուսինները Ճարտարում երկհարկանի տուն են ունեցել, հողամասեր, որտեղ ցորեն, գարի են ցանել։ Սերյոժան թունաքիմիկատների խանութ է ունեցել։ Տիկին Լաուրան ասում է, որ հիմնական եկամուտը խաղողի այգիներից էին ստանում, հավաքում էին խաղողը, գործարան հանձնում, նաև խմիչք էին պատրաստում։
Հիմա Վեդիում ամուսինների առօրյան փոխվել է։ «Ինքը 82 տարեկան է, ես էլ հիվանդ եմ, ինչո՞վ զբաղվեմ»,- հարցնում է Լաուրա Բաբայանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Մեկնաբանել