Հ. Հովնանյան հիմնադրամն ավելի քան 250 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում արվեստի և մշակույթի զարգացմանը
Հայաստանի ինը մշակութային նախագծեր կստանան ընդհանուր 256,011 ԱՄՆ դոլար Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամից: Այս մասին հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«2025 թվականի երկրորդ եռամսյակում տրամադրված դրամաշնորհերը կաջակցեն նոր ստեղծագործական աշխատանքներին և Հայաստանի մշակութային կյանքի երկարաժամկետ ակտիվությունը պահպանող կազմակերպություններին:
Այս եռամսյակում Հիմնադրամը ստացել է ռեկորդային 263 հայտ, ինչը փաստում է Հայաստանի մշակութային ծրագրերի ակտիվությունն ու դրանց պահանջարկը: Շահառուների մեծ մասը պետական և հասարակական կազմակերպություններ են: Այս հանգամանքը վկայում է տեղական ենթակառուցվածքների հզորացմանը և ստեղծագործական նորարարությանն ուղղված ջանքերի աճը:
Ժառանգության պահպանություն և պատումներ
Նախագծերից մի քանիսը կենտրոնացած են Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման վրա:
«Մշակույթը ժողովրդավարության համար» կհավաքագրի կորստի վտանգի տակ գտնվող արցախյան 15 ավանդական երգ՝ գրի առնելով, ձայնագրելով, արխիվացնելով դրանք: Նախագիծը կունենա վերջնական արդյունք երաժշական տեսահոլովակի և համերգի տեսքով: Ֆակտում փաստագրական կենտրոնը կկազմակերպի մուլտեմեդիա ցուցահանդես՝ նվիրված 1946-1949 թվականների Մեծ հայրենադարձությանը: Այն իր մեջ կներառի բանավոր պատմություններ, արխիվային փաստաթղթեր և ֆիլմեր, որոնք հասանելի կլինեն ինչպես ցուցահանդեսի այցելուների համար, այնպես էլ առցանց հարթակում:
Գյումրու Ավետիք Իսահակյանի թանգարանը կիրականացնի երկար սպասված վերանորոգմանը. նոր ցուցափեղկեր, պատուհանների և հատակի վերականգնում, լուսավորություն: Այս բարեկարգումները կօգնեն պահպանել թանգարանի հավաքածուն և կստեղծեն ավելի լուսավոր և հյուրընկալ միջավայր այցելուների համար: Հին Խնձորեսկում Save Armenian Monumentsը կվերականգնի պատմական արահետներ և կավելացնի հարմարություններ՝ նստարաններ և հանգստի կանգառներ, ինչը տարածքը կդարձնի ավելի հասանելի և անվտանգ՝ վերածելով այն մշակութային զբոսաշրջության կենտրոնի:
Ներկայացումների և ստեղծագործական հարթակների ընդլայնում
Արվեստագետների և հանդիսատեսի սպասարկման որակը բարձրացնելու նպատակով մի քանի թատրոններ և մշակութային կազմակերպություններ կթարմացնեն իրենց տարածքները: Երևանի պետական կամերային թատրոնը երիտասարդ ռեժիսորների շուրջամյա ծրագրի մեկնարկի համար նոր դահլիճը կկահավորի լուսային և ձայնային համակարգերով: Դահլիճը կծառայի թրենինգների, մենթորությունների ու բեմականացումների համար: Աբովյանի Դրամատիկական թատրոնը կգնի և կտեղադրի լուսավորության ժամանակակից համակարգ, պրոյեկտոր, արդյունքում կբարձրանա ներկայացումների տեխնիկական որակն ու հանդիսատեսի այցելությունները:
Լոռիում Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատը կստանա լուսավորության և ձայնային թարմացված համակարգեր, ինչի արդյունքում 30 տոկոսով կաճի ամենամյա միջոցառումների թիվը և կխթանվի համայնքաբնակների ներգրավվածությունը:
Նորարարություն կրթությունում և արվեստում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Onoff ստուդիայի հետ համագործակցությամբ կստեղծի անիմացիոն կրթական «Վահագը և վիշապը» ֆիլմը: Նախագիծը ներառում է նաև երիտասարդական արշավներ իրազեկման նպատակով և թռուցիկների տարածում հին հայկական վիշապաքարերի մասին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մասնակի կկահավորի իր գրադարանը՝ շարունակելով ֆոնդահայթայթումը տարածքի աշխատանքներն ավարտին հասցնելու և կրթության, ուսանողների և դասավանդողների հետազոտական աշխատանքների պայմանների բարելավման համար:
Հայաստանի մշակութային դաշտի ամրապնդում
«Այս նախագծերը ցույց են տալիս Հայաստանի մշակութային դաշտի հարստությունն ու բազմազանությունը: Մեծ պատվով ենք աջակցում նորարական նախագծերին և արդեն երկարաժամկետ գործունեություն ծավալող հաստատություններին, որոնք պահպանում և փոխանցում են մեր մշակութային ժառանգությունը: Հայտադիմումների ռեկորդային թիվը արտացոլում է Հայաստանի արվեստագետների համայնքի ուժն ու նրանց՝ զարգացման ձգտումը»,– ասում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը:
Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի մանրամասները և ապագա բաց կանչերի մասին տեղեկությունները կարող եք գտնել կայքում»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել