
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,-գրել է Փաշինյանը։
Մեկնաբանել