
Փարաքար համայնքի ղեկավարի և նրա ընկերոջ սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության և մեկ հոգու սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը: Նա գտնվում է բժշկական կենտրոնում և վիրահատվել է: Ըստ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի, դիմակավորված և ձեռնոցներով անձը մոտեցել է Վ. Գրիգորյանին ու նրա հետ կանգնած ևս երկու անձան ու գործի դրել հրազենը:
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան գյուղում՝ իր տան մոտ: Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարը գտնվում է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և համակարգում է աշխատանքները: Ծավալուն միջոցառումներ են իրականացվել, վերծանվել են բազմաթիվ տեսախցիկներ, ստուգվում են Հանրապետության մուտքերն ու ելքերը: Մի քանի մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Նշենք, որ 2025թ. Մերձավան գյուղում արդեն երկրորդ աղմկահարույց սպանությունն է կատարվում: Մասնավորապես՝ 2025թ. փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ քաղաքացիներից մեկն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ էր արձակել այլ անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ անձ մահացել էր, իսկ մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով:
Համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էր ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:
Վալոդյա Գրիգորյանի գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը։
Մեկնաբանել