HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական աճը՝ 5.4%. Կառավարությունը հաստատեց Բյուջե-2026-ը

Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ եկող 2026 թվականին Հայաստանում 5.4% տնտեսական աճ կգրանցվի, համախառն ներքին արդյունքը կկազմի 11.9 տրլն դրամ։

Այս ցուցանիշն ամրագրված է Բյուջե-2026-ում: Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախագիծը պետք է դեռևս քննարկվի Ազգային ժողովում։ 

«2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով ներկայացված բյուջեն միտված է լինելու հասարակությունն առավել երջանիկ և դիմակայուն դարձնելուն՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ միջավայր»,- նշված է բյուջեի ուղերձում։

«Երջանիկ» բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ ընթացիկ տնտեսական զարգացումների պայմաններում 2025 թվականը կամփոփվի շուրջ 5.2 % տնտեսական աճով։ 2027-2028 թվականների համար տնտեսական աճը նույնպես 5%-ի շրջանակներում կլինի:

Ըստ բյուջեի ուղերձի՝ կանխատեսվող 5.4% աճի հիմքում կլինեն նաև պետական կապիտալ ծախսերի դերի պահպանումը, Սոթքի հանքավայրի անխափան գործունեությունը, ինչպես նաև Ամուլսարի շահագործման և կառուցվածքային բարեփոխումների հնարավոր ազդեցությունները։

«2025 և 2026 թվականներին շինարարության աճն առաջանցիկ կլինի տնտեսական աճի նկատմամբ, սակայն տնտեսական աճը պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների աճով»,- նշված է ուղերձում:

Միևնույն ժամանակ, ըստ նախագծի հեղինակների՝ տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման և վերաարտահանման դերի կտրուկ նվազման հետևանքով այս տարի սպասվում է արտահանման և ներմուծման զգալի նվազում: Պաշտոնական վիճակագրությունն արդեն փաստում է այդ մասին։ 

Միջազգային մրցունակության աճն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր մեծ թափով կառուցվող և արդիականացվող ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ տնտեսական ու մարդկային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։

Բյուջեում 537.5 մլրդ դրամի դեֆիցիտ կառաջանա

Ըստ Բյուջե-2026-ի նախագծի՝ եկող տարում պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 3 տրլն 629 մլրդ դրամ։

Արդյունքում բյուջեն կունենա մոտ 537.5 մլրդ դրամի պակասուրդ, որը կլրացվի նոր պետական պարտքեր ներգրավելով։

Սպասվող եկամուտների գերակշիռ մասը՝ 96%-ը, կգոյանա հարկերից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter