HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու միակ տնակային մանկապարտեզն ընդգրկված չէ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում

Գյումրու Արցախ թաղամասում գտնվող «Ծիածան» մսուր-մանկապարտեզը միակն է քաղաքում, որ դեռ գործում է տնակային պայմաններում: Երկրաշարժից հետո՝ 1992թ․-ին, կառուցված մոդուլային շինությունը 33 տարեկան է: 1994-97թթ․-ին մանկապարտեզ հաճախած սաներից 35-ամյա Պարույր Պողոսյանը կատակում է, թե եթե ամուսնացած լիներ, ապա տնակային մանկապարտեզից կհասցնեին օգտվել նաև իր զավակները: 

«Անցել է 31 տարի էն օրվանից, երբ առաջին անգամ ոտք եմ դրել «Ծիածան» մանկապարտեզ: Իմ հաճախած տարիներին շինությունը դեռ նոր էր, մենք փոքր էինք, շատ բան չէինք հասկանում, բայց հիշում եմ, որ ծնողներս գոհ էին, որովհետև անընդհատ լսում էինք, որ լավ մանկապարտեզ է, որ մի քանի տարուց անպայման քարաշենը կկառուցեն,- պատմում է Պարույրը,- անցան տարիներ, էս նույն մանկապարտեզ փոքր քույրերս էլ գնացին, ներկայում մեր թաղի փոքրիկներն են հաճախում, ու էդ երազանք քարաշեն շենքի հարցն այդպես էլ մինչև օրս չի լուծվել: Բայց մի բան կա, որ պիտի անպայման նշեմ՝ աշխատակազմը միշտ լավն է եղել՝ թե՛ դայակները, թե՛ դաստիարակները, կարող է էդ է պատճառը, որ ծնողներն իրենց էրեխեքին հենց այստեղ են բերում, ուղղակի մնում է, որ պետությունը հոգածություն դրսևորի ու ավելի բարեկարգ, քարաշեն կառույցի հարց լուծի»:

Գյումրու Արցախ թաղամասի «Ծիածան» մսուր-մանկապարտեզը, որքան էլ որ զարմանալի է, ընդգրկված չէ Կառավարության՝ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում: Ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի փոխանցմամբ, ծրագրում ներառված են միայն նախակրթարանները, որոնք գործում են դպրոցներում, իսկ Գյումրի քաղաքի ենթակայության տակ եղած ՀՈԱԿ-ները մատնված են անուշադրության:

«Ճիշտն ասած՝ ես չգիտեմ ամոթալին ո՞րն է, էն, որ քաղաքն ունի տնակային մանկապարտե՞զ, թե՞ որ իշխանությունները՝ կենտրոնական ու տեղական մակարդակով, մինչև օրս չեն կարողացել այս հարցը լուծել,- նկատում է Լիզա Գասպարյանը,- Արցախ թաղամասում գտնվող մանկապարտեզում եղել են գրեթե բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը՝ տարբեր առիթներով, բայց թե ինչու ջանքեր չեն ներդրվել խնդիրը լուծելու, անհասկանալի է»:

Մոտ երեք ամիս է՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամներն ուսումնասիրություններ են կատարում համայնքապատկան կառույցներում: Այս ընթացքում եղել են 22 մանկապարտեզներից 18-ում: Լիզա Գասպարյանն ասում է, որ իրենք էլ են անակնկալի եկել տեսածից՝ գրեթե բոլոր մանկապարտեզներում կա վերանորոգման, գույքի նորացման, բակերի բարեկարգման կարիք, թերի են աշխատակազմերը՝ շատերը չունեն կանաչ տարածքների խնամքով զբաղվող աշխատակից և այլն:

«Սրանք կուտակված խնդիրներ են: Եթե առավել հետևողական լինեին նախկին իշխանությունները, ավագանին, համապատասխան բաժնի պետերը, հնարավոր է ունենայինք պրոբլեմ, բայց գոնե լոկալ, ոչ թե բոլոր ոլորտներում: Էս պահին ստացվում է, որ մենք անում ենք գույքագրում, ներկայացնում ենք իշխանությանը, գրություններ ենք ուղարկում, փորձում ենք բարձրաձայնել բոլոր հնարավոր ամբիոններից, որ տեսնենք, թե որ հարցը ինչ ձևով լուծում կստանա»,- նկատում է զրուցակիցս:

Երկաթգծի Նորավան թաղամասում գործող «Էյլիթիլա» մանկապարտեզի շենքը 1960թ․-ի կառույց է: 2015-16թթ․-ին «Հայ ամերիկյան հաշմանդամ և կարիքավոր երեխաների ֆոնդի» կողմից մի քանի սենյակ նորոգվել է, սակայն դա չի լուծել մանկապարտեզում առկա խնդիրները՝  խոնավ պատեր, կպչուն ժապավենով ամրացված պատուհաններ, բակը շրջափակող քանդված ցանկապատ և այլն: 

«Գծի հետև կոչվող թաղամասի քարաշեն մանկապարտեզը միակը չէ, կարող եք այցելել «Գոհար» մանկապարտեզ, որ էլի վատ վիճակում է, էլի կան՝ հատ-հատ չթվեմ, մեր բոլոր դիտարկումները հետո միանգամից կհրապարակենք,- հավաստիացնում է զրուցակիցս,- ունենք, իհարկե, 2-3  մանկապարտեզ, որտեղ վիճակը գոհացուցիչ է, ունենք այս տարի Ավտոկայան թաղամասում շահագործման հանձնված մանկապարտեզի նոր շենք: Եթե հիշում եք, էդ մանկապարտեզը 2019թ․-ին ավիրվել էր հեղեղից, մի 4 տարում կառուցեցին, հանձնեցին: Սուբվենցիոն ծրագրից օգտվել է «Լապտերիկ» մանկապարտեզը, բայց այս ամենի կողքին ունենք տնակային մանկապարտեզ, որը բոլորիս ամոթն է»:

Գյումրու միակ տնակային մանկապարտեզը գործում է 5 խմբով, որտեղ հաճախում է 120 երեխա: Մանկապարտեզի նախկին տնօրեն Մելանյա Մկրտչյանը հիշում է, որ իր ղեկավարման տարիներին՝ սկսած 1994 թ․-ից, սաների թիվը եղել է 156 և ավելի: «Ես չգիտեմ՝ ինչով էր պայմանավորված, գուցե հենց անձնակազմի լավ աշխատանքով, որ մեր մանկապարտեզ դիմելիությունը միշտ մեծ է եղել: Մենք էլ մեր հերթին աշխատել ենք խնամքով վերաբերվել շենքին, հենց մի բան էր լինում, անմիջապես նորոգում էինք, որ ծնողները չնեղվեին, թե տնակային մանկապարտեզ են երեխաներին տանում,- նկատում է նախկին տնօրենը,- հիմա շինության հետ կապված մի պրոբլեմ ունենք՝ տանիքից կաթում է, դա էլ արևային պանելները տեղադրելուց հետո եղավ»:

Արմինե Մուրադյանը «Ծիածան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրենն է, ղեկավարությունը ստանձնել է 2014թ․-ին: Անդրադառնալով վնասված տանիքին՝ ասում է, որ տարբերակ չունեն այն նորոգելու, քանի որ ստիպված են լինելու արևային վահանակները տեղաշարժել, միայն մխիթարվում է, որ կաթոցներն իր կաբինետում են, ու խմբասենյակների հատվածում վնասված տեղ չունեն: «Ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքին, ճիշտն ասած՝ մեզ տարբեր բաներ են առաջարկել, այդ թվում և նախկին մանկապարտեզների շենքեր, որոնք երկրաշարժից հետո բնակեցվել են, այսինքն՝ փրկվել են արհեստականորեն քանդվելուց, հիմա էլ կան, ուղղակի այդտեղ դեռ անօթևաններ են ապրում»,- ասում է Արմինե Մուրադյանը:

Առաջարկվող շինությունները թաղամասից բավական հեռու են՝ մեկը գտնվում է Մուսայելյան փողոցի սկզբնամասում, մյուսը՝ Երևանյան խճուղում: Բացի այդ, պարզ չէ, թե այդտեղ բնակվող մեկ կամ երկու ընտանիքներն ուր պիտի տեղափոխվեն: Տնօրենի փոխանցմամբ, քննարկվել է նաև տեղում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, սակայն զգուշացրել են, որ եթե ուզում են բակ ունենալ, ապա շենքը կլինի փոքր, խմբերն էլ կկրճատվեն մինչև 3-ի: «Ճիշտն ասած՝ մենք բավական մեծ տարածք ունենք՝ 2060 քմ, նորմալ մեծ բակ կա հետնամասում, չեմ կարծում, եթե տեղում կառուցեն, բակ չենք ունենա,-նկատում է տիկին Մուրադյանը,-կոլեկտիվը նոր շենքի կառուցման հետ ընդամենը մեկ անհանգստություն ունի, որ ստիպված է լինելու 1-2 տարի պարապուրդի մեջ լինել: Գուցե ավելի հավանական դիտարկվեր պատրաստի շենք տեղափոխվելը, ուղղակի չէինք ուզենա մեր պատճառով մարդկանց վտարեին»:

«Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտին մնացել է մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ,- շեշտում է «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը,- մեր բարձրաձայնումները, լրատվամիջոցների անդրադարձները հնարավոր է որոշակի փոփոխություն մտցնեն Գյումրու մանկապարտեզների ճակատագրում: Չի կարելի «պատժել» գյումրեցի փոքրիկներին միայն այն բանի համար, որ այս կամ այն պաշտոնյան սրտովդ չէ»:

Գլխավոր լուսանկարում՝ Գյումրու տնակային «Ծիածան» մանկապարտեզը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter