HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Մադրիդում ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով․

«Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլեւ մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում:

Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարեւոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարեւոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են:

Ուրախ ենք, որ այս կարեւոր օրը նշում ենք Մադրիդում՝ մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը եւ բարեկամությունը: Հայաստանի եւ Իսպանիայի հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս եւ ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջեւ ստեղծվել է կենդանի կամուրջ:

Թող այս օրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության:

Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի Թագավորությունը:

Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter