
Ցորի զորամասի հրամանատարի գործի քննությունը վերսկսվեց դատավոր-պաշտպան փոխադարձ մեղադրանքներով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավելի քան 6 ամսվա ընդմիջումից հետո` սեպտեմբերի 24–ին, վերսկսվեց Արցախի ՊԲ-ի 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Դատավոր Հովհաննես Մանուկյանն արդեն երրորդ դատավորն է, որ պետք է քննի այս գործը։
2022թ․ փետրվար ամսին քրեական գործը հանձնվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Դատարանն ընդառաջել էր տուժողների՝ գործը Երևանում քննելու խնդրանքին։ 2022թ․ ապրիլի 12–ից քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխվել էր, և այն քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Արտուշ Գաբրելյանի նախագահությամբ։
Վերջինս այն քննեց մինչև իր ձերբակալվելը։ 2025թ․ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում իրավապահ մարմինները ձերբակալեցին Ա․ Գաբրիելյանին։ Նրա լիազորությունները կասեցնելուց հետո` հունիսի 6–ից քրեական գործը մակագրվել է Հովհաննես Մանուկյանին։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանին։ Նա մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի զորամասի Դ–20 հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:
Կատարվածի հետևանքով զոհվել է դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Դիրքերում է մնացել մեծ թվով զինտեխնիկա։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, վերսկսելով գործի քննությունը, դատավոր Հովհաննես Մանուկյանը Գևորգ Գևորգյանից հետաքրքրվեց նրա առողջական վիճակի մասին։ Ամբաստանյալը հայտնեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել են կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Դատավորն առաջարկեց առողջության վերաբերյալ փաստական տվյալները ներկայացնել քրեակատարողական հիմնարկին, քանի որ այնտեղ է գտնվում։
Օրենքի պահանջով պարտավորված լինելով նորից սկսել գործի քննությունը՝ դատավորն ապացույցների հետազոտման կարգը սահմանելու համար դիմեց կողմերին։ Ե՛ւ մեղադրող կողմը, և՛ Գ․ Գևորգյանի պաշտպանները հայտնեցին, որ նոր կարգ սահմանելու անհրաժեշտությունը չեն տեսնում, քանի որ գործը հիմնականում քննվել է։ Ա․ Գաբրելյանի վարույթում քննվելու ժամանակ վկաների ճնշող մեծամասնությունը հարցաքննվել են, բացառությամբ երկու–երեք առանցքային վկաների, որոնց չի հաջողվել դատարան բերել։ Միաժամանակ նշեցին, որ այդ հարցին կանդրադառնան ըստ իրավիճակի։
Մեղադրյալի պաշտպանները կրկին անդրադարձան Գևորգ Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցին։ Վերջինիս պաշտպաններից Գոռ Գևորգյանը միջնորդություն ներկայացնելու փոխարեն միանգամից դատավորին մեղադրեց կանխակալ լինելու մեջ։ Հայտնեց, որ իր պաշտպանյալը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում, քանի որ ավելի քան 4 տարի կալանքի տակ է գտնվում։ «Եթե նրա վերաբերյալ դատավճիռ լիներ, վաղուց դուրս գալու իրավունք կունենար»,– հայտնեց փաստաբանը։
Գևորգ Գևորգյանի պաշտպաններ Գոռ Գևորգյանն ու Գոռ Սաղոյանը դատավորին մեղադրեցին դատական նիստերն ուշացումով նշանակելու համար, որի հետևանքով ապրիլ ամսից չեն կարողացել տեսակցել իրենց պաշտպանյալին: «Ձեր գործողություններն ապօրինի են, ես Ձեզ կանխակալ լինեու մեջ եմ մեղադրում»,– հայտնեց Գոռ Գևորգյանը։ Նա դատավորին մեղադրեց քրեական գործն ընդդատության խախտումով իր վարույթ ընդունելու, իր պաշտպանյալի իրավունքները սահմանափակելու համար։
«Հիմա էլ փոխանակ առաջինը նրա կալանքի հարցը քննեք, այլ հարցերի եք անցել։ Ինչո՞ւ Քրեական դատավարության նոր օրենսգրքով չեք շարունակում գործի քննությունը, այլ՝ հնով։ Ես ինքնաբացարկ եմ հայտնում Ձեզ»,– հայտարարեց Գոռ Գևորգյանը։
Ի պատասխան՝ դատավորը հայտնեց, որ մեղադրյալի պաշտպաններն ազատ էին իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել անցնող ամիսներին, երբ գործն արդեն իր վարույթում էր, պետք չէր սպասել դատական նիստին։ Քրեական գործը Հ․ Մանուկյանի վարույթում է գտնվել հունիս ամսից, սակայն պաշտպանները ոչինչ չեն ներկայացրել։ Դատավորը Գոռ Գևորգյանին առաջարկեց նաև նշել այս գործը Քրեական դատավարության նոր օրենսգրքով քննելու հիմքերը, որից նա խուսանավեց։
Հանրային մեղադրողը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դեմ արտահայտվեցին դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը՝ այն հիմնազուրկ համարելով։ «Չեմ կարծում, թե Գոռ Գևորգյանը չի հետևել «Դատալեքս» տեղեկատվական համակարգին և տեղյակ չէ դատավորի ընդունած որոշումներից։ Կարող էր այդ ընթացքում գրավոր միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Երկու փաստաբաններն էլ չեն արել, հետևաբար դատավորին բացարկ հայտնելու հիմք չկա»,–հայտնեց Լիպարիտ Սիմոնյանը։
Վերջինիս կարծիքով՝ Քրեական դատավարության նախկին օրենսգիրքն ավելի լայն հնարավորություններ է տալիս․ ցանկացած պահի կալանավորի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կարող են ներկայացնել։
Դատավորը որոշեց ինքնաբացարկի միջնորդությունը քննել խորհրդակցական սենյակում և որոշումն այսօր հրապարակեց դատական նիստի ժամանակ։ Հ․ Մանուկյանը մերժեց միջնորդությունը՝ հիմազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Միաժամանակ ընդգծեց, որ մեղադրյալի պաշտպանները չէին ներկայացել իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը։
Մեկնաբանել