HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի բարձրահարկերում կոյուղաջրերը լցվում են շենքերի նկուղներ. պատասխանատուներ չկան 

Էջմիածին քաղաքի Չարենցի 13 շենքի առաջին մուտքի բնակիչներն արդեն չեն հիշում՝ քանի բողոք ու ահազանգ են հասցեագրել պատկան մարմիններին, որպեսզի հիմնովին լուծեն շենքի նկուղ լցվող կոյուղաջրերի հարցը: Ահազանգերից հետո գալիս են, կոսմետիկ աշխատանքներ կատարում ու հեռանում. մեկ շաբաթ անց նորից նույն վիճակն է: Էջմիածնում միայն այդ շենքը չէ, որ լցված է կոյուղաջրերով: Նույն պատկերն է քաղաքի բազմաբնակարան շենքերի մեծ մասում, սակայն պատասխանատուներն իրար վրա են գցում՝ փնտրում են կոյուղաջրերի հարցը լուծողին:

Մայրանուշ Բաբայանը 2 տարի առաջ է բնակարան գնել Չարենցի 13 հասցեում: Ասում է՝ մեծ ուրախությամբ տունը վերանորոգել են ու տեղափոխվել, սակայն արդեն փոշմանել են: Բնակարանն առաջին հարկում է, և կեղտաջրերը լցվում են հենց իր բնակարանի տակ: Դուռը բացելուն պես նկուղից կոյուղաջրերի հոտն է ներս լցվում:

Մայրանուշ Բաբայանն ասում է, որ արդեն հնարավոր չէ այդ շենքում ապրել: Ամռան ամիսներին չեն կարողանում պատուհան բացել, նկուղի կոյուղաջրերից միջատներ են հայտնվում:

«Ամբողջ ամառ իմ լվացքը տանն եմ փռել՝ չորանոցների վրա, որ հոտ չկպնի: Խնդրել ենք, «Վեոլիա Ջուր» ընկերությունից եկել մի երկու անգամ դիտահորերը մաքրել են, մեր ուժերով գումար ենք հավաքել, բերել կուտակված ջրերը մաքրել ենք տվել, մենք էլ ենք դիտահորերը մաքրել, բայց մեկ-երկու շաբաթ հետո դարձյալ նույն վիճակն է»,- ասում է Մ. Բաբայանը:

Մուտքի 14 բնակարանների բնակիչները գումար են հավաքել ու փոխել են նկուղի կոյուղու խողովակները, սակայն պարզվում է, որ խնդիրը միայն իրենց մուտքը չէ: Բնակիչների պատմելով՝ շենքի մյուս 4 մուտքերի կոյուղաջրերը ևս իրենց նկուղ են լցվում, քանի որ տարիների ընթացքում խողովակները քայքայվել ու վնասվել են, և թեքության վատ կարգավորման պատճառով ջրերը լցվում են առաջին մուտքի նկուղ:

Մայրանուշը հարևանուհու հետ մոտ երկու շաբաթ առաջ շենքի բնակիչների անունից դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրենց ազատել գարշահոտությունից: Սակայն, գրավոր նամակին համայնքապետարանի աշխատակիցը զանգով պատասխանել է, որ հարցն իրենց գործառույթների մեջ չի մտնում, «Վեոլիա Ջուր» ընկերությունն ու համատիրությունը պետք է կարգավորեն:

«Ես էլ այդ աշխատակցին ասացի, որ սեփականատերերը բնակարանի գույքահարկը ձեզ են վճարում, դուք ի՞նչ եք անում: Ոչինչ չպատասխանեցին»,- ասում է դիմումի նախաձեռնողներից Լուսինե Մանուկյանը:

Լուսինեն վարձով է ապրում Չարենցի 13 շենքում, սակայն ասում է՝ սեփականատերերի հետ հավասար պայքարում է, որ կոյուղաջրերի հարցը լուծվի:

«Ճիշտ է՝ ես վարձով եմ ապրում, իմ տունը չէ, բայց դա կապ չունի: Ամբողջ ամառ չկարողացա պատուհան բացել՝ մի կողմից զզվելի հոտն է ներս լցվում, մյուս կողմից՝ հոտի վրա հավաքվող միջատները: Արդեն ամաչում ենք հյուր կանչել: Սա մի օր չէ, երկու օր չէ, միշտ նույն վիճակն է՝ օրը 24 ժամ»,- ասում է Լ. Մանուկյանը:

Բնակիչներն ասում են՝ թեև շենքը փորձաքննություն չի անցել և որոշված չէ վթարայնության աստիճանը, սակայն վստահ են, որ վթարային է դարձել: Աստիճանավանդակներն առանձնանում են պատերից, իսկ շենքի պատերի հարակից տարածքներն արդեն նստվածք ունեն: Խոնավությունից հողն ու ասֆալտը նստում են, պատերից պոկվում են քարերը:

Շենքը սպասարկում է «Երկիր» համատիրությունը: Վերջինիս նախագահ Վարդան Այվազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Էջմիածնում կոյուղաջրերի հարցը գրեթե համատարած է: Ըստ նրա՝  նույն պատկերն է ոչ միայն Չարենցի 13, այլև 11, 15, 16 շենքերում:

Վարդան Այվազյանի փոխանցմամբ՝ շենքերը 50 տարուց ավելի է, ինչ կառուցվել են, խողովակները վնասված են: Շենքերի ներսում գտնվող խողովակները հնարավորության սահմաններում փոխում են, սակայն դրանից վիճակը չի մեղմվում:

Համատիրության նախագահի խոսքերով՝ հիմնական խողովակները «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, հետևաբար իրենք այնտեղ անելիք չունեն: Վ․ Այվազյանն ասում է՝ դիմել է Վաղարշապատի համայնքապետարան, «Վեոլիա Ջուր» ընկերություն, որ միջոցներ ձեռնարկեն՝ ընդհանուր կոյուղագիծը փոխեն: Համայնքապետարանից ասել են՝ հնարավորության սահմաններում կաջակցեն, իսկ «Վեոլիա»-ից դեռ պատասխան չի ստացել:

«Խողովակներ փոխելը շատ լուրջ ծախս է՝ ամեն շենքի համար մոտ 20 մլն դրամ, իսկ մեր համատիրության տարեկան ծախսը 10 մլն դրամ է՝ ամբողջությամբ հավաքելու դեպքում: Բնականաբար՝ մենք չեն կարողանա վերանորոգել: Բացի այդ, դա մեր անելիքը չէ, ես իրավունք էլ չունեմ այդ գծերին մոտենալ, դա «Վեոլիա Ջուր» ընկերությանն է»,- ասում է Վ. Այվազյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ մի քանի անգամ Էջմիածին քաղաքի Չարենցի 13 շենքի կոյուղու դիտահորերը մաքրել են, իսկ շենքի ներսում գտնվող խողովակներն իրենց սպասարկման տիրույթում չեն:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք նաև Վաղարշապատի համայնքապետարան: Հենց նույն օրը համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են բնակիչներին, սակայն հուսադրող բան չեն ասել:

Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը նշեց, որ շրջայցի ժամանակ նշվել է կոյուղաջրերի հարցը և դրանք կներառվեն գալիք տարիների ծրագրերում: Նա ևս փաստում է, որ Էջմիածնում եզակի չեն վթարված կոյուղատարներով շենքերը:

«Խնդրի լուծումը մեր լիազորությունների մեջ չի մտնում: Կարող ենք խողովակներով օգնել, բայց դրանից ավել իրավունք չունենք՝ համայնքապետարանի սպասարկման տարածքը չէ»,- ասում է մամուլի քարտուղարը:

Ստացվում է՝ համայնքապետարանն ու «Վեոլիա Ջուր» ընկերությունը կոյուղաջրերի հարցը լուծելու լիազորություն չունեն, համատիրությունը գումար չունի, մնում են բնակիչները, որ իրենց գլխի «ճարը» տեսնեն: Իսկ, թե ինչի համար են գույքահարկ վճարում, երբ այդ գույքը «լիազորություններ» չունենալու պատճառով տարեցտարի դառնում է վթարային՝ պարզ չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter