
Արամ Գ. Սարգսյան. «Առնվազն 7-10 մլրդ դոլար հայկական կապիտալ գտնվում է օֆշորային գոտում»
Զարգացող պետություններից, այդ թվում նաև Հայաստանից օֆշորային գոտի է տեղափոխվել 21 տրիլիոն դոլար: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ վկայակոչելով անգլիացի տնտեսագետ Ջեյմս Հենրիի վերջերս անցկացրած հետազոտությունը:
«Մեր տնտեսագետների, լուրջ մարդկանց հաշվարկով՝ առնվազն 7-10 մլրդ դոլար հայկական կապիտալ գտնվում է օֆշորային գոտում: Սրանք այն փողերն են, որոնք հարկված չեն: Սրանք այն փողերն են, որոնք, այսպես կոչված, «լևի» ապրանքի վաճառքից ստացված գումարներն են: Մենք դեռ չենք հաշվել, թե ինչքան անշարժ գույք է գնվել արտասահմանում այս գողացված գումարներով»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:
Այս պարագայում Հայաստանը սփյուռքին կոչ է անում ներդրումներ անել երկրում՝ արտագաղթը կասեցնելու համար: «Բա եղա՞վ»,- ասում է Դեմկուսի նախագահը և հիմնավոր համարում, երբ սփյուռքահայերը պատասխանում են, որ այսօր Հայաստանում մոտ 50 առնվազն մուլտիմիլիոնատեր կա, և հենց վերջիններին է պետք համոզել, որ իրենց գումարները ներդնեն Հայաստանում:
«Այս իրավիճակը ձևավորվել է միայն ու միայն այն պատճառով, որ այս 4 հիմնահարցը Հայաստանում լուծված չի՝ ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա: Չորս հիմնարար սյուներ են, որոնք պահում են այս համակարգը»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:
Մեկնաբանել