
Վաղարշապատի բժշկական կենտրոնի բաժանմունքի շենքը քանդելուց հետո նորի կառուցումն անորոշ վիճակում է
Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման հարցն անորոշ վիճակում է: Նախատեսված էր հիմնանորոգել շենքը, սակայն շինարարական ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո պարզվել է, որ շենքը վթարային է, հիմնանորոգման ենթակա չէ, և որոշել են քանդել ու նորը կառուցել: Երեք տարի առաջ քանդել են մեկ մասնաշենքն ու կցակառույցը, տարածքը վերածել ամայի տարածքի ու այդպես թողել: Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ 2025թ. ընթացքում նախաձեռնել են փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության գնման գործընթաց, սակայն գնման մրցույթները չեն կայացել:
«Հետք»-ը մեկ տարի առաջ՝ 2024թ. սեպտեմբերին գրել էր, որ Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների կատարման համար 2022թ․ մարտի 10-ին պայմանագիր է կնքվել Քաղաքաշինության կոմիտեի և «Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ի միջև՝ 1 մլրդ 325 մլն դրամ գնով։ Բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են նույն տարվա հոկտեմբերի 18-ին, և պայմանագրի համաձայն՝ շինաշխատանքները պետք է իրականացվեին երկու տարվա՝ 720 օրացուցային օրվա ընթացքում։
Շինթույլտվության ժամկետը լրացել է, սակայն պայմանագիր կնքելուց հետո պարզվել է, որ մասնաշենքը պիտանի չէ վերանորոգման, ըստ կառուցապատող ընկերության տնօրենի՝ 4-րդ կարգի վթարային է: Որոշում է կայացվել այն ամբողջությամբ քանդել: Արդեն 2,5 տարի է՝ շինաշխատանքները դադարեցվել են:
Գրավոր դիմել էինք Քաղաքաշինության կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է բժշկական կենտրոնի շինարարությունը: Կոմիտեից որևէ «հուսադրող» տեղեկություն չեն տրամադրել:
«Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ՀՀ Առողջապահությունը 2024թ. հոկտեմբերին տրամադրել է նոր տեխնիկական առաջադրանք, համաձայն որի՝ բժշկական կենտրոնի վերակառուցման փոխարեն նախատեսվում է կառուցել նոր շենք՝ 10 բաժանմունքներով: Նախարարության տրամադրած առաջադրանքի հիման վրա Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության գնման գործընթաց, սակայն 2025թ. մարտի 5-ի և մայիսի 29-ի գնման մրցույթները չեն կայացել: Ներկայում գործընթացը քննարկվում է նախարարության հետ»,- պատասխանել է Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանը:
Քաղաքաշինության կոմիտեից հաստատել են, որ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Տեղեկացնում են նաև, որ քննարկվում է Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքների գործող պայմանագրի լուծման հարցը՝ հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարության ներկայացրած առաջադրանքով նախատեսվում է նոր շենքի կառուցում, հետևաբար փոխվում է շինարարական աշխատանքների բնույթը:
Այն, որ պայմանագիրը պետք է լուծվի, հայտնի էր նաև 2.5 տարի առաջ, քանի որ մասնաշենքերն արդեն քանդվել էին՝ վերակառուցման փոխարեն: Սակայն, մինչև հիմա պայմանագիրն էլ չի լուծվել: Ի վերջո հայտնի չէ, թե երբ կկառուցվի բժշկական կենտրոնի շենքը, և ընդհանրապես՝ կկառուցվի, թե՝ ոչ:
Մեկնաբանել