
Համբարձում Մաթևոսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը ստորագրել են «COP17-ը հյուրընկալելու մասին» համաձայնագիրը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը՝ ի դեմս կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը ստանձնում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ, Կարթագենյան արձանագրության կողմերի համաժողովի քսաներորդ և Նագոյայի արձանագրության կողմերի վեցերորդ հանդիպումները։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
«Սա իրավական պարտավորություն է, որով ամրագրվում է Հայաստանի պատրաստակամությունը և պատասխանատվությունը համաժողովի կազմակերպման հարցում։ Համաձայնագրով երկիրը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։ Այս դրույթները կոչված են երաշխավորելու միջոցառման բարձր մակարդակով անցկացումը և ամուր հիմք ստեղծելու Հայաստանի և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության արդյունավետ համագործակցության համար։
Փաստաթուղթը հստակ սահմանում է երկու կողմերի՝ Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության դերերն ու պարտականությունները՝ հնարավորություն ընձեռելով ապահովելու միջազգային ամենախոշոր բնապահպանական համաժողովի սահուն իրականացումը։
COP17-ը համախմբելու է տասնյակ երկրների ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Հայաստանի հյուրընկալումը երկրի համար հնարավորություն է ստեղծելու աշխարհին ներկայացնելու ոչ միայն իր հարուստ կենսաբազմազանությունն ու բնության պահպանության նախաձեռնությունները, այլև իր կարողությունները որպես միջազգային կարևոր միջոցառումների վստահելի կազմակերպիչ։
2026 թվականին Հայաստանը դառնալու է գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն՝ ստեղծելով նոր հարթակ միջազգային կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների առաջխաղացման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել