
Արամ Գ. Սարգսյան. «Դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք, էրեխեք ջան»
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին քննարկումները որևէ կերպ արդիական չեն պետության համար, «ոնց որ Վարդանիկի ու Բուռնաշի» բանավեճը:
«Ես Վանոյին շատ լավ ճանաչում եմ և դեռ սովետական տարիներից: Դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք, էրեխեք ջան: Ընդհանրապես գիտե՞ք՝ ինչ է արել, ոնց է արել էս երկրում: Վանոն՝ որպես դեռ գրող էն ժամանակ, ես էլ՝ «Комсомольская правда»-ի թղթակից, մենք իրար հետ շփվել ենք բավական լավ, բայց մետամորֆոզը, որը կատարվեց էդ տղայի հետ էս իշխանության գալուց հետո, լրիվ ուրիշ էր: Մինչ այդ լրիվ մի մարդ էր, հետո լրիվ ուրիշ մարդ դարձավ»,- այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց Արամ Գ. Սարգսյանը:
Անդարադնալով լրագրողի այն դիտարկմանը, որ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, օգոստոսի 18-ին մահացած Սուրեն Սիրունյանը պատրաստվում էր որոշակի բացահայտումներ անել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ՝ Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Եթե ուզում է Վանո Սիրադեղյանը բացահայտ ասի, թե ինչն է իր խնդիրը, ինքը էդ հնարավորությունն ունի: Եթե ուզում է պատմել՝ ինչ է եղել 90-ական թվականներին, և ինչում են իրեն մեղադրում, և ինչու է ինքը թողել հեռացել երկրից, ինքը էդ բոլոր հնարավորություններն ունի: Թող գրավոր ուղարկի: Գրել էլ գիտի»:
Դեմկուսի նախագահի համոզմամբ՝ այսօր Հայաստանի գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է, և մնացած բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են, անիմաստ են:
«Էս մի ամիս է՝ բոլորը քննարկում են՝ Վանոն կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա: Սա՞ է մեր երկրի ամենագլխավոր հարցը: Ուզում է՝ թող վերադառնա: Պիտի նստեմ լաց լինեմ, որ Վանոն չի՞ ուզում գա: Դուք իրա գալուց ինչ-որ մի մեծ սպասելիքներ, ակնկալիքնե՞ր ուներ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ 1990-ականներին, ըստ պաշտոնական տվյալների, 1 մլն մարդ է հեռացել Հայաստանից: Այսօր արդեն այդ թիվը հասնում է գրեթե 1,6 մլն-ի: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանից հեռացել է 20 հազար, 2009թ.՝ 23 հազար, 2010թ.՝ 30 հազար, 2011թ.՝ 45 հազար մարդ: 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանից հեռացել է 74 հազար մարդ: Այսպիսով, 4,5 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 190 հազար բնակիչ:
«Եթե ամայացած լինի այս երկիրը, նրա գրավելու հեշտությունը ինքներդ եք պատկերացնում: Որևէ պատերազմ էլ պետք չի»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:
Նա շեշտեց, որ արտագաղթը սկսվել է 1990-ականներին: 1992 և 1993թ. Հայաստանից տարեկան հեռացել է 200 հազար մարդ: Արամ Գ. Սարգսյանը ՀՀՇ-ի հորինած է համարում այն տեսակետը, որ 1990-ականների արտագաղթի պատճառը պատերազմն էր: Նրա համոզմամբ՝ պատճառն այդ ժամանակ Հայաստանում տիրող անիրավությունն էր: Իսկ ՀՀՇ-ն պատերազմի ժամանակ շատ լավ էր ապրում:
«Երբ ժողովուրդը տեսավ, թե ինչ ճանապարհով են սեփականաշնորհում համազգային ունեցվածքը, առաջին հիասթափությունը եղավ դրանից: Երբ մարդկանց տվեցին մի թուղթ, իսկ էն մնացածը ստացան իրական սեփականություն, դա դարձավ մարդկանց ամենագլխավոր վիրավորանքը: Անարդարությունից փախան էստեղից: Էս մարդիկ չեղած տեղը, որ ոչինչ էին, եկան միանգամից դարձան էդ հարստության տերը»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել