
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում. Կիևում կա 4 զոհ
Ռուսական զորքերը սեպտեմբերի 28-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Դրանք հիմնականում բաժին են հասել Կիևին, Կիևի մարզին ու Զապորոժիեին։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Калибр» և «Кинжал» տեսակի հրթիռներով, ինչպես նաև՝ «Shahed» տեսակի անօդաչուներով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ արձակվել է գրեթե 500 անօդաչու և մոտ 40 հրթիռ։
Կիևում հրթիռների բեկորներն ընկել են 5 շրջաններում։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն նշել է 4 զոհի ու 10 վիրավորի մասին։
Կիևի մարզում հարվածի տակ են հայտնվել Բուչայի, Բելոցերկովի, Օբուխովի, և Ֆաստովի շրջանները։ Տարբեր տվյալներով՝ մարզի ողջ տարածքում վիրավորում է ստացել 27 մարդ։
Զապորոժիեում էլ հարվածի հետևանքով հրդեհ է սկսվել բազմահարկ շենքերից մեկում։ Ինչպես հայտնել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, տուժել է 27 մարդ։
Ռուսական կողմը չի մեկնաբանել այս հարձակումը։
Լուսանկարը՝ Efrem Lukatsky/AP
Մեկնաբանել